ՀՍՀ/«ՀԱՅ ՍԻՐՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՄԱՐՍԵԼ
«ՀԱՅ ՍԻՐՏ», քաղաքական–հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1925 – 1938–ին, Մարսելում: Խմբագիր–արտոնատեր` Ե. Թորոսյան: Ունեցել է չափավոր քաղ. ուղղություն, արտահայտել ազգային–հայրենասիրական շրջանների հայացքները: Սկզբնական շրջանի քաղ.–գաղափարական երերումներից հետո կողմնորոշվել է դեպի Սովետական Հայաստանը, պատմել նրա վերաշինության ու բարգավաճման մասին, տպագրել ականատեսների տպավորություններ: Շաբաթաթերթն անդրադարձել է ՀՕԿ–ի գործունեությանը, ներգաղթի կազմակերպման հարցերին, լուսաբանել ֆրանսահայության, սփյուռքի մյուս գաղթավայրերի հասարակական–մշակութային կյանքը: Զգալի տեղ է հատկացրել միջազգային հարցերին, դատապարտել է իտալ. Ագրեսիան Հաբեշստանի դեմ, մերկացրել Գերմանիայի ոտնձգությունները Ավստրիայի, Չեխոսլովակիայի և Լեհաստանի նկատմամբ: Տեղ է հատկացրել նաև գրական–գեղարվեստական ու պատմական գործերին (ուշագրավ է Լ. Ճերահյանի «Ժամանակակից ընդարձակ քննական պատմություն հայոց. 19–րդ դարեն մինչև մեր օրերը» երկհատոր աշխատությունը, որի առաջին հատորը առանձին գրքով լույս է տեսել 1939–ին): Թղթակցել են Մ. Սեթյանը, Մ. Նաճարյանը, Տ. Լյուլեճյանը, Ե. Տեր–Անդրեասյանը, Հ. Քյուրքճյանը և ուրիշներ:
Մ. Բաբլոյան
