Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ՍԻՐՏ» ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ՍԻՐՏ», գիտական–հասարակական, գրական և մանկական եռամսյա պարբերաթերթ: Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1939–ից (1939–45–ին` «Հայ կարմիր խաչ», 1946–55–ին` «Հայ օգնության միություն» անուններով), Բոստոնում: Խմբագիրներ` Ա. Բարսեղյան, Արուսյակ Բարսեղյան, Ս. Տեստեկյուլ, Մ. Մխիթարյան, Ս. Համաստեղ, Գ. Թեոլեոլյան, Ժ. Միսաքյան: Հրապարակում է ՀՕՄ–ի կենտրոնական վարչության տեղեկագրերը, ընդհանուր ժողովների արձանագրությունները, նյութեր մասնաճյուղերի գործունեության մասին: Նպաստում է հայ ընտանիքների ամրապնդմանը, երեխաների հայեցի դաստիարակությանը: Անդրադառնում է ծնողների և զավակների փոխհարաբերություններին, տպագրում բարոյախոսական, բժշկ. բնույթի նյութեր: «Հայրենի լուրեր» խորագրի տակ տպագրվող հատվածներով տեղեկություններ է հաղորդում Սովետական Հայաստանի հասարակական, տնտ. և մշակութային կյանքի վերաբերյալ: Պարբերաթերթը գրական բաժնում ծանոթացնում է հայ, ռուս, ամերիկյան ու եվրոպական գրողների արձակ ու չափածո ստեղծագործություններին, էջեր տրամադրում սփյուռքի արվեստագետներին: Ունի անգլ. բաժին (խմբագիր` Բ. Սարգիսյան) և հայերենի ուսուցման դասընթաց (1945–ից):

Գ. Գույումջյան