Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» (ՀՍԴՄ), հայ առաջին լենինյան–իսկրայական կազմակերպությունը: Ստեղծվել է 1902–ին, Թիֆլիսում` Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Զուրաբյանի նախաձեռնությամբ: Միության ղեկավար կազմում են եղել նաև Ս. Խանոյանը, Ա. Խումարյանը, Մ. Մելիքյանը, Ռ. Դաշտոյանը, Դ. Շահվերդյանը, Ա. Երզնկյանը: ՀՍԴՄ իր մերձավորագույն խնդիրն էր համարում հայ պրոլետարիատի քաղաքական դաստիարակությունը և նրան ոուսաստանյան պրոլետարիատի պայքարին մասնակից դարձնելը: Պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից միությունը պրոպագանդում էր Ռուսաստանի բազմազգ պրոլետարիատի հետ գաղափարական, քաղաքական և կազմակերպական միասնության անհրաժեշտությունը: ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի հետ ՀՍԴՄ 1902–ին գլխավորել է Թիֆլիսի բանվորների քաղաքական ելույթները: Միությունը ստեղծել է ընդհատակյա տպարան, տարածել հեղափոխական կոչեր և թռուցիկներ: 1902–ի հոկտեմբերին միության հրատարակած մարքսիստական հայ անդրանիկ թերթի` «Պրոլետարիատ»–ի առաջին և միակ համարում զետեղված էր ՀՍԴՄ մանիֆեստը (տես «Մանիֆեսա հայ սոցիալ–դեմոկրատների միություն»): Այնտեղ պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից շեշտված է, որ հայ աշխատավորները պետք է ընթանան համառուսաստանյան հեղափոխական պայքարի ուղիով: Վ. Ի. Լենինը «իսկրա»–ի 1903–ի փետր. 1–ի 33–ում տպագրած «Հայ սոցիալ–դեմոկրատների մանիֆեստի մասին» հոդվածում ողջունել է ՀՍԴՄ երևան գալը և նրա մանիֆեստը, «մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածք տալու նրա ուշագրավ է փորձը» (Երկ., հ. 6, էջ 403–411): Միությունը և «Պրոլետարիատ»–ի խմբագրությունը գործուն մասնակցություն են ունեցել ՌՍԴԲԿ Կովկասյան կազմակերպությունների առաջին համագումարի (1903) նախապատրաստման և անցկացման աշխատանքներին, Կովկասյան միության ստեղծմանը: Համագումարից հետո ՀՍԴՄ ձուլվել է Կովկասյան միության հետ: ՀՍԴՄ հայ հասարակական–քաղաքական մտքի զարգացման պատմության մեջ սկիզբ դրեց լենինյան–իսկրայական ուղղությանը:

Գրկ. Շահումյան Ս., Մանիֆեստ «Հայ սոցիալ–դեմոկրատների միության»,. Երկ. լիակտ. ժող., հ. 1, Ե., 1975: ՄամիկոնյանԿ. Ա., Հայ սոցիալ–դեմոկրատների միությունը 1902 – 1903 թթ., Ե., 1969: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Խ. Բարսեղյան