Jump to content

ՀՍՀ/«ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐՅԱ», հայագիտական հանդես (մինչև 1911 թ. ունեցել է «Բարոյական, ուսումնական, արվեստագիտական», ապա` «Հայագիտական ուսումնաթերթ» ենթավերնագրերը): Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1887–ից, Վիեննայում: Հաջորդում է «Ծանոթությունք վաճառագիտության» (1819) և «Եվրոպա» (1847–63) պարբերականներին: Մինչև 1914–ը ամենամսյա, 1915–ից լույս է տեսնում անկանոն պարբերականությամբ (երկամսյա, եռամսյա, վեցամսյա, ամենամյա ևն): Հիմնադիրներն ու առաջին աշխատակիցներն են եղել միաբանության անդամներ Ա. Այտընյանը, Ղ. Հովհնանյանը, Գ. Գալեմքյարյանը, Գ. Մենևիշյանը, Հ. Տաշյանը: Մինչև 1894–ը ունեցել է կրթա–դասաիարակչական, հանրագիտական բնույթ, 1895–ից` զուտ հայագիտական: «Հ. ա.»–ում հրատարակվում են հոդվածներ և մենագրություններ Հայաստանի և հայոց գաղթավայրերի, հայոց գրական լեզուների ու բարբառների, հայ հին ու միջնադարյան մատենագրության, ազգագրության ու հնագրության, բանաստեղծության, արվեստի, բժշկության, հայ մշակույթի նշանավոր գործիչների մասին: Առաջին անգամ այստեղ են հրատարակվել մի շարք բնագրեր հայ հին ու միջնադարյան ձեռագրերից, հայերեն թարգմանությամբ տպագրվել եվրոպացի հայագետների ուսումնասիրությունները: Պարբերաբար հրապարակվում են մատենագիտություններ տարբեր երկրներում լույս տեսած հայագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ («Ազգային հրատարակությունք», «Նոր հրատարակությունք» բաժիններում): «Հ. ա.»–ի համարները հայագիտական բացառիկ արժեք ունենալով` մեծապես օգտագործվում են աշխարհի բոլոր հայագետների կողմից: Տպագրված նյութերի զգալի մասը (ավելի քան 230 անուն) Մխիթարյանները հրատարակել են առանձին գրքերով` «Ազգային մատենադարան» մատենաշարով: Միաբանության մյուս անդամներից աշխատակցել են Գ. Գովրիկյանը, Ն. Ավգերյանը, Ս. Տերվիշյանը, Թ. Կետիկյանը, Գ. Գարանֆիլյանը, Պ. Ֆերհադյանը, Ս. Վարդանյանը, Պ. Էսպալյանը, Վ. Ինգլիզյանը, Ս. Կոգյանը, Հ. Մատիկյանը, Հ. Ոսկյանը, Պ. Տեր–Պողոսյանը և ուրիշներ: 1900–ական թթ. մինչև 1960–ական թթ. հանդեսում գերակշռում են Ն. Ակինյանի ուսումնասիրությունները: Պարբերականին աշխատակցել են նաև հայագետներ Գ. Խալաթյանը, Ա. Սարուխանը, Կ. Բասմաջյանը, Հ. Աճառյանը, Ն. Ադոնցը, Մ. Օրմանյանը, Լեոն, Նորայր Բյուզանդացին, Ն. Աղբալյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Հ. Մանանդյանը, Գ. Հովսեփյանը, Մ. Աբեղյանը, Ա. Ալպոյաճյանը և ուրիշներ, այլազգի արևելագետ–հայագետներից` Հ. Հյուբշմանը, Ա. Մեյեն, Ն. Մառը, Ա. Կարիերը, Յ. Կարստը, Ֆ. Մյուլլերը, Ֆ. Կոնիբերը, Հ. Սարկվարտը, Ֆ. Մակլերը, Հ. Ֆետերը, Յ. Ֆրիդրիխը, Ֆ. Քյոնիգը, Կ. Լեհման Հաուպտը, Ե. Բենվեննստը, Գ. Գարիտը, Ֆ. Ֆեյդին: Եվրոպացի հայագետների աշխատությունները 1915–ից սկսել են ավելի հաճախ տպագրվել բնագրերի լեզուներով (գերմ., անգլ., ֆրանս.): Լույս են ընծայվել «Հ. ա.»–ի բացառիկ համարներ` նվիրված հանդեսի 25, 40, 50, 75–ամյա հոբելյաններին, հայ գրերի գյուտի 1500 և հայ տպագրության 400–ամյակին (1913, No 12), Մխիթար Սեբաստացու մահվան 200–ամյակին (1949, No 4–12) և ծննդյան 300–ամյակին (1976, No 1–12), Ասավածաշնչի հայերեն տպագրության 300–ամյակին (1966, No 1–12) ևն: «Հ. ա.»–ի նյութերի տեղեկատու ցանկերն ըստ հեղինակների ազգանունների այբբենական կարգի կազմել են. առաջին 25 տարիներինը` Վ. Բունկունցյանը («Հ. ա.», 1912, էջ 370–576), 50 տարիներինը` Հ. Ոսկյանը («Հ. ա.», 1962–ի հավելված): Հանդեսի խմբագիրները. Ղ. Հովնանյան (1887–89), Հ. Տաշյան (1890–1895), Գ. Գալեմքյարյան (1895–98), Վ. Մելիքսեդեկյան (1898–01), Թ. Կետիկյան (1901–06), Հ. Համբարյան (1906–09), Ն. Ակինյան (1909–13, 1920–1937, 1946–63), Ա. Մատիկյան (1913–1920), Հ. Ոսկյան և Ս. Վարդանյան (1924–30), Հ. Ոսկյան (1938–46, 1964–68), Պ. Տեր–Պողոսյան (1968–ից):

Գրկ. Հուշարձան, Վնն., 1911: Ակնարկ մը Վիեննական Մխիթարյան միաբանության գրական գործունեության վրա, Վնն., 1912: Ռ. Իշխանյան