Jump to content

ՀՍՀ/«ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀ», ըստ կրոնա–դիցաբանական պատկերացումների երևակայական աշխարհ, որտեղ մարդկանց մահվանից հետո իբր շարունակվում է նրանց կյանքը (հոգին կամ նաև մարմնապես): «Հ. ա.» գաղափարն առաջ է եկել դեռևս այն ժամանակ, երբ մարդն իր և շրջապատի մասին ունեցած պարզունակ պատկերացումներով կարծել է, թե մարդկային կյանքը տեղափոխվում է նաև իրական աշխարհից դուրս, որ, մասնավորապես, անմահ է նրա հոգին: Այդ պրոցեսում մեծ դեր են կատարել նաև մարդկանց հոգեբանական ապրումները` հատկապես սարսափը մահվան և սերը կյանքի նկատմամբ: «Հ. ա.» հաճախ արտահայտել է աշխարհի կատարյալ լինելու ցանկությունը և ընդունվել է որպես երկրային կյանքի շարունակություն, սակայն առանց վերջինիս թերությունների: Պատմական զարգացման ընթացքում մահը և «Հ. ա.» մեկնաբանվել են յուրովի: Հին եգիպտացիների համար երկրային կյանքը միջոց էր ապագա կյանքի համար` այստեղից էլ մահացածների մումիացման սովորույթը և նրանց պաշտամունքը: Հուն. մշակույթի ծաղկման շրջանում անհատը դիտվում էր որպես իրական աշխարհում գործող հասարակական–քաղ. էակ, այդ պատճառով «Հ. ա.» համարվում էր ստվերների թագավորություն: Հին հայերի պատկերացմամբ, մարդու մահից հետո հոգին անջատվում է մարմնից և շարունակում իր կյանքը: Իշխել է նաև«Հ. ա.»–ում մարմնապես ապրելու գաղափարը: Այս պատճառով մահացածների համար դամբարաններ են կառուցել, նրանց հետ թաղել ստրուկներին, հարազատներին, զենք, ուտելիք ևն: Հասարակության սոցիալական շերտավորման հետևանքով առանձնացել են դժոխքի և դրախտի գաղափարները: «Հ. ա.»–ի պատկերացումը սկսել է կատարել մարդկանց սոցիալ–դասակարգային վարքի կարգավորման ու գնահատման ֆունկցիա և մարդկանց ապակողմնորոշել կյանքի իրական խնդիրներից: Կյանքի իմաստը, մարդկության գոյության նպատակը կապվել է «Հ. ա.»–ի հետ, կյանքը համարվել է լոկ ժամանակավոր փորձություն: Բոլոր ժամանակների առաջադեմ մտածողները ցույց են տվել «Հ. ա.»–ի հակա–հումանիստական, հակագիտական բովանդակությունը:

Ա. Սարգսյան