ՀՍՀ/«ՀԱՍԿԵՐ»
«ՀԱՍԿԵՐ», մանկական պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել 1905–17–ին, 1922–ին, Թիֆլիսում: Խմբագիր հրատարակիչներ` Կ. Լիսիցյան, Ս. Լիսիցյան: Խմբագրության կազմում էին Հ. Աղաբաբը, Դ. Դեմիրճյանը, Ս. Աահակյանը, Ս. Քափանակյանը, Սեյրին (Ա. Գուլանյան) և ուրիշներ: Պրոպագանդել է դաստիարակության և մանկավարժության առաջավոր սկզբունքներ, ձգտել սեր ներշնչել ընթերցողների մոտ մարդու, հայրենի միջավայրի հանդեպ, ճշգրիտ տեղեկություններ հաղորդել բնության, անհատի հոգեկան նկարագրի մասին: Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, պարզ, մատչելի լեզվով շարադրված բնության երևույթները բացատրող, կենդանական աշխարհին վերաբերող գիտա–մասսայական ակնարկներ ու զրույցներ: «Հ.»–ի մանկավարժական բաժինը, որին աշխատակցել են Հ. Տեր–Միրաքյանը, Տ. Ռաշմաճյանը, Ի. Հարությունյանը, ներկայացրել է մատաղ սերնդի բարոյական, գեղագիտական, ֆիզիկական զարգացման հարցերին նվիրված հողվածներ: Որպես հավելված հրատարակել է «Մանկավարժական գրադարան» խորագրով մասնագիտական գրքեր: Հանդեսի գեղարվեստական բաժնում, առաջին անգամ լինելով, տպագրվել է Հ. Թումանյանի, Ա. Խնկոյանի, Հ. Հայրապեայանի, Հ. Աղաբաբի մանկական ստեղծագործությունների մեծ մասը: Այս բաժնին աշխատակցել են նաև Հ. Հովհաննիսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Իսահակյանը, Վ. Փափազյանը, Ա. Շիրվանզադեն և ուրիշներ: Նախադպրոցական տարիքի երեխաներին է հասցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով պատմությունների ու զրույցների շարքը: «Զվարճալիք», «Այլ և այլք», «Դեսից դենից» բաժիններում զետեղվել են հանելուկներ, մանկական խաղեր, խմբական երգեր, շուտասելուկներ ևն: Թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս և արևմտաեվրոպական գրողների (Մ. Գորկի, Ա. Չեխով, Լ. Տոլստոյ, Ի. Կռիլով, Վ. Հյուգո, Հ. Անդերսեն և ուրիշներ) մանկական ստեղծագործությունները: Ամսագիրը կարևոր տեղ է գրավում հայերեն մանկական պարբերական հրատարակությունների շարքում:
Ս. Նազարյան
