ՀՍՀ/«ՀԱՐԱՎ–ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
«ՀԱՐԱՎ–ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «Չոռնի պերեդել»–ի նախկին անդամներ Ե. Ն. Կովալսկայայի և Ն. Պ. Շչեդրինի կողմից 1880–ի գարնանը Կիևում հիմնված բանվորական կազմակերպություն: Ունեցել է տարբեր ազգության մի քանի հարյուր անդամ: «Միության» կորիզը` խմբակը (10 մարդ), կապեր էր հաստատել «Արսենալ» գործարանի, երկաթուղային արհեստանոցների, տպարանների բանվորների հետ: «Միության» առաջին ծրագիրը հիմնականում կրկնել է «Չոռնի պերեդել»–ի ծրագրի դրույթները, շուտափույթ «ժողովրդական հեղափոխություն», որի գլխավոր նպատակն է «տնտեսական հեղաշրջումը» (հողի, գործարանների հանձնումը ժողովրդին, հասարակական արտադրության վերակառուցում` ասոցիացիաների հիման վրա), որից հետո կմտցվեն դեմոկրատական ազատություններ, բանակը կփոխարինվի տեղական ժող. աշխարհազորներով ևն: Ծրագիրն առաջ էր քաշում «գործարանային տեռորը» (սարքավորումների փչացում, գործարանատերերի, վարպետների ծեծ ու սպանություն), որով իբրև հասնելու էին աշխատավարձի բարձրացման, աշխատանքային օրվա կրճատման և գործադուլների իրավունքի ձեռքբերման: Ծրագիրը ընդունում էր նաև անհատական տեռորը: 1880–ի հոկտեմբերին, Շչեդրինի և Կովալսկայայի բանտարկությունից հետո, «Միության» գլուխ կանգնեցին Ի. Ն. Կաշինցևը, Ս. Ն. Բոգոմո–լեցը, Պ. Օ. Իվանովը և Ա. Ի. Պրեոբրաժենսկին, որոնց մշակած երկրորդ ծրագիրը առավելությունը տալիս էր բանվորների շրջանում տարվող պրոպագանդային ու ագիտացիային և բացասական վերաբերմունք էր դրսևորում տեռորի նկատմամբ: 1881–ի սկզբին «Միությունը» ջախջախվեց, իսկ նրա 10 ղեկավարները դատապարտվեցին տաժանակրության ու աքսորի:
