Jump to content

ՀՍՀ/«ՀԱՐՅՈՒՐ ՕՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՐՅՈՒՐ ՕՐ», Ֆրանսիայում Նապոլեոն I–ի երկրորդ կառավարման ժամանակաշրջանը (1815–ի մարտի 20–ից հունիսի 22–ը): 1815–ի մարտի 1–ին Էլբա կղզուց (որը որպես ցմահ տիրույթ 1814–ի ապրիլին տրվել էր նախկին կայսրին) փախած Նապոլեոն I ցամաք դուրս եկավ Ֆրանսիայի հվ–ում: 1814–ին գահին վերատիրած Բուրբոնների հետադիմական քաղաքականությունից դժգոհ ժող. լայն զանգվածները աջակցեցին Նապոլեոն I–ին: Բուրբոններին չհաջողվեց դիմադրել կայսեր ջոկատի առաջընթացին: Ուղարկված զորամասերը անցնում էին Բոնապարտի կողմը: Մարտի 20– ին Նապոլեոն I մտավ Փարիզ: Վերականգնված նապոլեոնյան կայսրության դեմ հանդես եկավ եվրոպական պետությունների 7–րդ հակաֆրանսիական կոալիցիան: Հունիսի 18–ին անգլո–պրուս. բանակները ջարդեցին Նապոլեոնի բանակը (տես Վաթեռլոոյի ճակատամարտ 1815): Հունիսի 22–ին Նապոլեոնը երկրորդ անգամ հրաժարվեց գահից: