ՀՍՀ/«ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԲԱՆՎՈՐ»
«ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԲԱՆՎՈՐ», բանվորական մասսայական եռօրյա, ապա` երկօրյա թերթ: ՀԱՄԽ–ի և արհմիությունների կենտրոնական վարչությունների օրգան: Լույս է տեսել 1933–34–ին, Երևանում: Խմբագիր` Հ. Ոսկանյան (Սիրտս): Լուսաբանել է հանրապետության արդ. ձեռնարկությունների, գյուղատնտեսական արտելների, նորակառույցների արտադրական և արհմիութենական կյանքը, բանվորների նամակների ու թղթակցությունների օգնությամբ ֆելիետոններով ու ծաղրանկարներով (Է. Խոճիկ, Լ. Կամսար, Աշփալ, Ա. Մխիթարյան) վեր հանել արտադրության տարբեր օղակներում, աշխատավորության կենցաղում և սպասարկման բնագավառում տեղ գտած թերությունները: Թերթի «Շրջիկ խմբագրությունը» գործել է հանրապետության խոշորագոլյն արտադրական ձեռնարկություններում և շինհրապարակներում, օգնել սոցմրցության կազմակերպմանը, ամփոփել նրա արդյունքները, ընդհանրացրել առաջավորների փորձը: «Հ. բ.» ծանոթացրել է միջազգային քաղ. իրադարձություններին և բանվորական շարժմանը, տպագրել լուրեր բուհերի կյանքից, մարզական նորություններ:
