ՀՍՀ/«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ»
«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», հայկական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ճաշոց): Գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. 979): Գրվել և պատկերազարդվել է 1286–ին, Կիլիկիայում (հավանաբար Սսի գրչատներից մեկում), բարձրորակ մագաղաթի վրա, Հեթում թագաժառանգի համար (հետագայում Հեթում Բ թագավոր): Գրիչը և մանրանկարիչը անհայտ են: Ճաշոցը գործածվում է եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ: Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր շարականների ժողովածու է: Դա էլ նպաստել է ձեռագրի պատկերազարդման բազմազանությանը: «Ճաշոցի» բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևորվել են XIII դ. 2–րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները: Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, լուսանցազարդերով ու թեմատիկ տերունական մանրանկարներով: Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկերներ, լուսանցազարդ): Հաճախ ամբողշ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր: Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ հորինվածքով: Անհայտ մանրանկարիչը պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ: Այսպես` «Խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է Քրիստոսի խաչելության և թաղման հետ կապված մի քանհ դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղատոսից խնդրում է Քրիստոսի դիակը, խաչից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք: Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրները իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիզմը («Տեառն ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»): Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը: Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ: Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունը ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ): «Հեթումի ճաշոցի» մանրանկարներում կատարյալ ձևով են դրսևորվել հայկ. մանրանկարչության հիմնական նվաճումները:
Գրկ. Ազարյան Լ. Ռ., Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ., Ե., 1961: Հայկական մանրանկարչություն, Ալբոմ, կազմ., խմբ. և առաջաբան` Դուոնովո Լ. Ա. Ե., 1967: Дурново Л. А., Портретное изображение на первом заглавном листе «Чашода» 1286 г., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1946, 4 Նույնի, Краткая история древнеармянской живописи, Е., 1957 Der–Nersessian S., L Art Armenien, P.1977. Լ. Ազարյան
