ՀՍՀ/«ՀԶՈՐ ԽՄԲԱԿ»
«ՀԶՈՐ ԽՄԲԱԿ», ռուս կոմպոզիտորների ստեղծագործական ընկերակցություն: Հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ», «Ռուսական նոր երաժշտական դպրոց» անվանումներով: Ձևավորվել է XIX դ. 50–ական թթ. վերջին –60–ական թթ. սկգբին: Գործել է մինչև 1870–ական թթ. կեսերը: Անդամներն էին` Մ. Ա. Բալակիրևը (հիմնադիր և ղեկավար), Ա. Պ. Բորոդինը, Ց. Ա. Կյուին, Մ. Պ. Մուսորգսկին, Ն. Ա. Ռիմսկի–Կորսակովը: «Հ. խ.»–ի ստեղծագործական ծրագիրը և գեղագիտությունը ձևավորվել են 60–ական թթ. դեմոկրատական գաղափարախոսության, հատկապես գեղարվեստական քննադատ Վ. Վ. Ատասովի (համարվում է «Հ. խ.» անվանման հեղինակը) հայացքների ազդեցությամբ: Լինելով Մ. Ի. Գլինկայի և Ա. Ա. Դարգոմիժսկու ավանդույթների շարունակողներ` խմբակի անդամները միաժամանակ որոնել են ազգային պատմական և ժամանակակից թեմաներ և կերպարներ վերամարմնավորելու նոր միջոցներ, ձգտել են երաժշտությունը մոտեցնել կյանքի առաջադիմական, հանապազօրյա պահանջներին: Մուսորգսկու («Բորիս Գոդունով», «Խովանշչինա»), Բորոդինի («Իշխան Իգոր»), Ռիմսկի–Կորսակովի («Պսկովուհի») ևն օպերաներում արտացոլվել են Ռուսաստանի պատմության էջերը, արտահայտվել ժող. շարժման տարերային ուժը, հայրենասիրական ու սոցիալ–քննադատական գաղափարներ: Իրենց երաժշտության լեզուն կերտելիս նրանք օգտվել են ժող. երաժշտությունից, հատկապես գեղջկական երգից, և ստեղծել վառ արտահայտված ազգային ոճ: Խմբակի անդամները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Արևելքի երաժշտության նկատմամբ (Բալակիրևի «Թամար» սիմֆոնիկ պոեմը և «Իսլամեյ» դաշնամուրային ֆանտազիան, Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի 2–րդ և 3–րդ գործողությունները, Ռիմսկի–Կորսակովի «Անթար» և «Շահարազադե» սիմֆոնիկ սյուիտները ևն): Բալակիրևի և Մուսորգսկու ժող. մեղեդիների գրառումներում կան նաև հայկ. նմուշներ (այդ թվում` Բալակիրևի No 29 գրառումը` «Հարսանեկան, հայեր` Աստրախան»): «Հ. խ.»–ի կոմպոզիտորները ռուս, դասական երաժշտությունը հարստացրել են հատկապես օպերայի, սիմֆոնիկ և վոկալ–կամերային երաժշտության բնագավառներում: Նրանց ստեղծած բազմաթիվ օպերային երկեր ռուս. դասական օպերայի գլուխգործոցներ են: Ռիմսկի–Կորսակովը` գործիքավորման խոշորագույն վարպետներից մեկը, զարգացման բարձր աստիճանի է հասցրել ազգային ծրագրային սիմֆոնիկ երաժշտությունը: Ռուս. դաշնամուրային գրականության զարդերից են Բալակիրևի «Իսլամեյը» և Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտը, կամերային–գործիքային անսամբլների առաջին դասական նմուշներից են Բորոդինի երկու լարային կվարտետները: «Հ. խ.»–ի երաժշտական–հասարակական գործունեության դրսևորումներից է «Անվճար երաժշտական դպրոց»–ի հիմնադրումը Բալակիրևի ու խմբավար Գ. Յա, Լոմակինի ջանքերով (1862, գոյատևել է մինչև 1917–ը): «Հ. խ.»–ի գաղափարներն ու ստեղծագործական սկզբունքները մեծապես նպաստել են ռուս. երաժշտական մշակույթի զարգացմանը, նրա ավանդույթները յուրովի կիրառել են նաև ՍՍՀՄ այլ ժողովուրդների կոմպոզիտորներ, այդ թվում` Ա. Սպենդիարյանը և Ա. Տեր–Ղևոնդյանը:
Գրկ. Стасов В. В., Двадцать пять лет русского искусства, Собр. соч., т. 1, СПБ,1894 Гордеева Е.М., Могучая кучка,2 изд., М., 1966. Ա. Բարսամյան
