Jump to content

ՀՍՀ/«ՀԻԴՐՈՆԱԽԱԳԻԾ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԻԴՐՈՆԱԽԱԳԻԾ», Ս. Յա. Ժուկի անվան Լենինի շքանշանակիր համամիութենական նախագծա–հետախուզական և գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունք: Հիմնադրվել է 1932–ին, Երևանում: 1932–36–ը կոչվել է «Հիդրոէլեկտրանախագծի», 1936–40–ը` «Հիդրոէներգանախագծի» հայկ. բաժանմունք, 1940–46–ը` «Սևանշինի» նախագծային բյուրո, 1946–62–ը` «Հիդրոէներգանախագծի» հայկ. բաժանմունք: Հիմնական խնդիրներն են հիդրոտեխնիկական ու հիդրոէներգետիկական օբյեկտների նախագծումն ու հետախուզումը: Ունի նախագծային (հիդրոտեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարական, աշխատանքի կազմակերպման, ջրաէներգետիկական), հետախուզական (երկրաբանական, գեոդեզիական, հիդրոլոգիական) բաժիններ: «Հ.»–ի նախագծերով են կառուցվել Սևան–Հրազդան կասկադի 6, Որոտանի 3 ՀԷԿ–երը, Արփայի ջուրը Սևանա լիճ տեղափոխելու մոտ 50 կմ երկարությամբ թունելը և այլ կառույցներ: Նախագծային աշխատանքներ են կատարվել նաև ՍՍՀՄ մյուս հանրապետությունների (Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ–ում` Զարամակի ՀԷԿ–ը, Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ–ում` Չերեք գետի հիդրոէներգետիկական կասկադը) և արտասահմանյան երկրների (Բուի ՀԷԿ–ը` Գանայում, Սամանալավևա ՀԷԿ–ը` Շրի Լանկայում) համար: «Հ.»–ում կատարվում են հայկ. «Հիդրոկուտակիչ» էլեկտրակայանի, Հոկտեմբերյանի, Հերհերի, Գետիկի, Մարմարիկի ջրամբարների նախագծման աշխատանքներ: