ՀՍՀ/«ՀԻՆ ՉԵԽԵՐ»
«ՀԻՆ ՉԵԽԵՐ» (պաշտոնական անվանումը` Չեխական ազգային կուսակցություն), չեխական բուրժուա–պահպանողական կուսակցություն 1860–1918–ին: «Հ. չ.» անվանումը կուսակցությունն ստացել է 1874–ին, երբ նրանից առանձնացել են երիտչեխերը (բուրժուալիբերալներ): Գաղափարախոսներն ու պարագլուխներն էին Ֆ. Պալացկին, Ֆ. Ռիգերը, Կ. Մատուշը և ուրիշներ: Հանդես էին գալիս հանուն Հաբսբուրգների միապետության պահպանման, այսպես կոչված, չեխական պետ. իրավունքի իրականացման (չեխական գահի հողերի ինքնավարություն` Հաբսբուրգների կայսրության սահմաններում), դեմ էին բուրժուա–դեմոկրատական բարեփոխումների: Մինչև 1879–ը փորձել են խոչընդոտել ավստ. ռայխսրատի գործունեությանը, այնուհետև մտել են նրա կազմի մեջ` որդեգրելով ծայրահեղ աջ դիրքորոշում: 1891–ի ընտրություններում պարտվելուց հետո, կորցրել են քաղ. ազդեցությունը: 1918–ին մտել են Չեխական պետական–իրավական դեմոկրատիա (1919–34–ին` նացիոնալ–դեմոկրատական) կուսակցության մեջ:
