ՀՍՀ/«ՀՅՈՒՍԻՍ»
«ՀՅՈՒՍԻՍ», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1863–64–ին, Պետերբուրգում: Խմբագիր` Ռ. Պատկանյան: Նպատակն էր օժանդակել հայ ժողովրդի լուսավորության ու կրթության գործին, ներկայացնել հայերի կյանքն ու պատմությունը: Մեծ տեղ է հատկացրել Զեյթունի դեպքերին, նրա պաշտպանությանը («Վիկտոր Լանգլուայի ճանապարհորդությունը» խորագրով հոդվածաշարը, 1863, No 9–13 և այլն): «Հայերի արդի վիճակը» (1863, No 12) հոդվածով (Գ. Պատկանյան) փորձել է Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի ուշադրությունը բևեռել այդ իրադարձությունների վրա: Տպագրել է նաև Գ. Պատկանյանի «Վարդան Մամիկոնյան», «Շավարշ Բ» (1863, No 6), «Հռիփսիմե» (1864, No 31) պոեմները, Ռ. Պատկանյանի «Մեռելի վրեժախնդրությունը» (1864, No 18) նորավեպը, այլ արձակ ու չափածո ստեղծագործություններ, պատմական ուսումնասիրություններ, տնտեսագիտական, աշխարհագրական նյութեր, թարգմանություններ եվրոպական հեղինակներից: Աշխատակցել են Ք. Պատկանյանը, Հ. Սահրատյանը և ուրիշներ: Նկարազարդումները կատարել է Հ. Պատկանյանը:
Մ. Սաղյան
