ՀՍՀ/«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ»
«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ», «օրագիր ընդհանուր ազգային լուսավորության և դաստիարակության»: Լույս է տեսել 1858–62, 1864–ին, Մոսկվայում, ամիսը մեկ անգամ: Խմբագիր` Ս. Նազարյան: Ամսագրի առաջադիմական բնույթը հայ պարբերական, մասնավորապես դեմոկրատական մամուլի պատմության մեջ մեծ չափով պայմանավորված է խմբագրի և հանդեսի գլխավոր աշխատակից ու ոգեշնչող Մ. Նալբանդյանի գործունեությամբ, որի շուրջն էին համախմբված ժամանակի առաջավոր մտավորականությունն ու Մոսկվայի ուսանողությունը: Հայ լուսավորիչ դեմոկրատների այս հրատարակությունով է նշանավորվում արևելահայ հասարակական մտքի զարթոնքը 1860–ական թթ.: Նրանք օրինակ ունեին ռուս հեղափոխական դեմոկրատների (Գերցեն, Օգարյով, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով) գործունեությունը և նրանց հրատարակությունները («Կոլոկոլ», «Սովրեմեննիկ»): «Հ.» հետևողականորեն լուսաբանել է ազգային կյանքի վերածնության խնդիրները` ժողովրդի լուսավորությունն ու դաստիարակությունը, բնական գիտությունների մասսայականացումը, քաղաքակրթության նվաճումների ընդօրինակումը և պայքարը ֆեոդալական հարաբերությունների ու կրոնական նախապաշարումների դեմ: Ամսագիրը որդեգրած գաղափարների իրականացման միջոց էր համարում աշխարհաբար լեզվի արմատավորումը հայ գրականության և հրապարակախոսության մեջ, մամուլում և դպրոցում: Բանավեճային պայքար մղելով կղերա–ֆեոդալական հոսանքի, նրա պարբերականների («Մասյաց աղավնի», «Ճռաքաղ» ևն) և հոգևորական դասի դեմ` «Հ.» որպես ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման ճանապարհ մատնանշել է լուսավորությունն ու առաջադիմությունը, դպրոցը եկեղեցու հսկողությունից ազատելը: Այստեղ են տպագրվել Մ. Նալբանդյանի հրապարակախոսական–քննադատական, գիտական բազմաթիվ հոդվածները, գրական–պատմական գործեր, նամակներ ևն, հայ ժողովրդի ազատագրության, քաղ., տնտ. խնդիրների, գրական լեզվի, գրականության ու թատրոնի, լուսավորության վերաբերյալ ուսումնասիրություններ: Այստեղ են առաջին անգամ հրատարակվել նրա «Հիշատակարանը», «Մեռելահարցուկ» վեպը, բազմաթիվ բանաստեղծություններ, գիտահանրամատչելի զրույցներ: Ամսագրին աշխատակցել են Րաֆֆին, Ռ. Պատկանյանը: Այն ժամանակի երիտասարդ հայ գրողների (Ս. Շահազիզ, Գ. Բարխուդարյան, Հ. Խաչուբեգյան, Գ. Տեր–Հովհաննիսյան, Ռ. Հասան–Ջալայյան) գրական դպրոցն էր: Հանդեսը թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս և եվրոպական գրողներին (Կարամզին, Լերմոնտով, Հայնե, Շիլլեր, Բերանժե, Հոֆման և ուրիշներ):
Մ. Մխիթարյան
