Jump to content

ՀՍՀ/«ՀՆՉԱԿ» ՏԵՍԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՆՉԱԿ», տեսական ամսաթերթ: Հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան: Լույս է տեսել 1935– 40–ին, Փրովիդենսում (ԱՄՆ): Խմբագիր` Ե. Սիրվանդ: Լուսաբանել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության շրջադարձային դերը մարդկության համար, ընդգծել սովետական կարգերի փրկարար նշանակությունը հայ ժողովրդի ճակատագրում: Ներկայացրել է ՀՍՍՀ ձեռք բերած նվաճումները տնտեսության և մշակույթի բնագավառներում: Ձգտել է սփյուռքահայությանը համախմբել Սովետական Հայաստանի շուրջ, խրախուսել և աջակցել է հայրենադարձությունը: Տպագրել է հնչակյան կուսակցության պատմությանը, հայ ազգային–ազատագրական շարժումներին նրա մասնակցությանը նվիրված վավերագրեր ու հուշագրություններ: Հրատարակել է բանվորական շարժմանը, մարքսիստական գաղափարախոսությանը նվիրված նյութեր: Հրապարակախոսական, պատմագիտական, տեսական, գրական և այլ նյութերով «Հ.»–ին աշխատակցել են Ա. Կենճյանը, Վ. Չուգասըզյանը, Ս. Տաշիրը (Հովվյան), Ա. Շամլյանը, Ա. Աթանասյանը, Արդարունին, Ս. Ս. Դավիթ Բեկը, Ս. Սապահ–Գյուլյանը, Ս. Պեյլերյանը, Ա. Քեջյանը, Մ. Ժամկոչյանը, Ս. Ձագիկյանը և ուրիշներ: Համարվում է «Հնչակ» ամսաթերթի (1887–1915) շարունակությունը:

Գ. Գույումջյան