Jump to content

ՀՍՀ/«ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՕՐԵՆՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՕՐԵՆՔ, բուրժուական տեսություն, ըստ որի` երկրագործության մեջ կապիտալի և աշխատանքի յուրաքանչյուր լրացուցիչ ներդրում ավելի պակաս արդյունք է տալիս, քան նախորդ, իսկ որոշ սահմանից հետո ցանկացած լրացուցիչ արդյունք դառնում է անհնար: «Օրենքն» առաջին անգամ ձևակերպել է Ա. Ռ. Ժ. Թյուրգոն: Հետագայում անգլ. տնտեսագետ Է. Ուեսթը և Դ. Ռիկարդոս այս «օրենքով» փորձում էին բացատրել շահույթի նորմայի անկման միտումը և հիմնավորել ղիֆերենցիալ ռենտայի տեսությունը: Թ. Մալթուսը այն օգտագործել է ազգաբնակչության տեսությունը (տես Մալթուսականություն) պատճառաբանելու համար: Բուրժ. քաղաքատնտեսության ներկայացուցիչները այս տեսությամբ «արդարացնում են» երկրագնդի աճող բնակչությանը կենսամիջոցներով ապահովելու անհնարինությունը, կապիտալիստական հասարակարգում թանկության, գործազրկության, աղքատության, նաև հողային ռենտայի աճը: Որևէ երկրում պարենամթերքների պակասը բացատրում են կենսաբանական օրենքներով, հաշվի են առնում հողի միայն բնական բերրիությունը, որը համարում են անփոփոխ: Ապացուցելով հողի բերրիության նվազման օրենքի անկենսունակությունը,` մարքսիզմի դասականները ցույց տվեցին, որ հողի բերրիությունն անընդհատ փոփոխվում է, և դա կախված է ոչ միայն բնական, այլև սոցիալ–տնտեսական պայմաններից, գիտության ու տեխնիկայի զարգացման աստիճանից: Գյուղատնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացն ու արտադրության ինտենսիվ զարգացումը ուղեկցվում են գյուղատնտ. հողատարածությունների, ագրարային բնակչության ու ծախսերի կրճատմամբ, բերքատվության բարձրացմամբ ու արտադրանքի ծավալի աճով: