Jump to content

ՀՍՀ/«ՀՈՇԱՐԱՐ–ՄԻՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՈՇԱՐԱՐ–ՄԻՈՒԹՅՈՒՆ», տեղեկատու, ամսաթերթ: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸՄ) պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1961–ից, Նյու Յորքում: Խմբագիր Ա. Փոլատյան: Ստեղծվել է «Միություն» (1912–40, 1947–61, Կահիրե, Փարիզ, խմբագիրներ` Վ. Մալեզյան, Գ. Կիրակոսյան, Մ. Գերմանիկյան, Մ. Սարգիսյան Ա. Փոլատյան) և «Հուշարար 1914–61, Բոստոն, Նյու Յորք, խմբագիրներ` Վ. Քյուրքճյան, Վահե Հայկ, Գ. Գալուստյան (Կիլիկեցի), Ե. Մեսիայան, Գ. Խանամիրյան, Ա. Գույումճյան, Ա Փոլատյան պարբերականների միավորումով: «Հ.–Մ.» (ինչպես ժամանակին «Միությունը» և «Հուշարարը») աջակցում է ՀԲԸՄ–ի գործունեությանը, լուսաբանում միության և նրա մասնաճյուղերի ձեռնարկումները: Հրատարակում է ՀԲԸՄ–ի ընդհանուր ժողովների արձանագրություններ, ելույթներ, հանգանակությունների ցուցակներ սփյուռքահայ, մշակութային կյանքի մասին տեղեկություններ, հայկ. կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ նյութեր ևն: Տպագրել է Ա. Չոպանյանի Պ. Նուպարի, Ֆ Նանսենի, Մ Գարակյոզյանի, Ա. Մանուկյանի և այլոց նամակները, գրագրություններ Սովետական Հայաստանի զանազան հաստատությունների հետ, թղթակցություններ հայրենիքից: Կարևոր տեղ է հատկացրել 1946–48–ի հայրենադարձությանը, արձագանքել ետպատերազմյան տարիներին սփյուռքահայությանը հուզող իրադարձություններին: «Հ.–Մ.»–ին աշխատակցել են Բ. Նուրիկյանը, Մ. Թիրյաքյանը, Հ. Անտոնյանը, Ա. Նազարը, Ս. Մանվելյանը, Լ–Զ. Սյուրմելյանը, Զ. Գալեմքյարյանը, Ա. Պետիկյանը Ավետիս Քեյը, Պետրոս Կյոլճիկը, Գ. Սարաֆյանը, Շահան Նաթալին, Գ. Միրագենցը, Ա. Թերգիպաշյանը, Լ. Կերտանը և ուրիշներ: Տպագրել է նաև Հ. Թումանյանի, Վ. Թեքեյանի, Ա. Իսահակյանի, Դ. Վարուժանի, Ե. Չարենցի, Հ. Շիրազի, Պ. Սևակի և այլոց ստեղծագործություններ: «Հուշարար»–ը 1927–ից ունեցել է անգլ. էջ. 1947–ից` «Hoosharar» բաժին, որը 1952–ից լույս է տեսնում որպես առանձին պարբերական (խմբագիրներ` Մ. Հովսեփյան, Ա. Գույումճյան, Վ. Էքսերճյան, Ս. Թովմասյան, Ռ. Սարյան, Պ. Նորհատք):

Գ. Գույումչյան