Jump to content

ՀՍՀ/«ՀՐԱԶԴԱՆ» ԵՐԿՕՐՅԱ ԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՐԱԶԴԱՆ», երկօրյա թերթ: ՀԿԿ Հրազդանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965–ից, Հրազդանում: Լուսաբանում է կուսակցության և կառավարության որոշումները, շրջանի և քաղաքի արտադրական ձեռնարկությունների աշխատանքային առօրյան, ներկայացնում արտադրության առաջավորներին, վեր հանում տեղ գտած թերությունները: Պրոպագանդում է շրջանի գյուղատնտեսության աշխատողների հաջողությունները, ծանոթացնում առաջավոր տնտեսությունների փորձին, անդրադառնում է աշխատավորության կենցաղի, բուժսպասարկման, հանգստի հարցերին: Տպագրում է գրական–գեղարվեստական գործեր, գիտական, մարզական և մշակութային տեղեկություններ, ընթերցողների նամակներ: ՏԱՍՍ–ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացնում է միջազգային քաղ. իրադարձություններին, միութենական և հանրապետական նորություններին: Հաջորդել է «Լենինի դրոշով» (1932–41, 1946–62), «Լենինյան դրոշով» (1962–65, միացյալ), թերթերին:

Վ. Ամիրբեկյան