ՀՍՀ/«ՀՐԱԶԴԱՆ» ԷՀՄ
«ՀՐԱԶԴԱՆ», էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ) շարք, որը մշակվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում, 1959–65–ին: Ընդգրկում է ԷՀՄ–ների երկրորդ սերնդին պատկանող «Հ–1», «Հ–2» և «Հ–3» երկու հասցեանոց մեքենաները: «Հ–1» և «Հ–2» մեքենաները նախատեսված են գիտատեխնիկական և տնտ. ոչ մեծ խնդիրների լուծման համար: «Հ–1»–ը երկրորդ սերնդի առաջին ունիվերսալ մեքենան է ՍՍՀՄ–ում: Նրա միջին արագագործությունն է 4000 գործողություն 1 վրկ–ում, թվերը ներկայացվում են 31 կարգի օգնությամբ` սևեռած ստորակետով, օպերատիվ հիշողության ծավալն է 31–կարգանի 1024 բջիջ: «Հ–2»–ի միջին արագագործությունն է 5000 գործողություն 1 վրկ–ում, թվերը ներկայացվում են 36 կարգի օգնությամբ` սահող ստորակետով, դրական նորմալ տեսքի ամենամեծ և ամենափոքր թվերը, որոնք կարող են ներկայացվել, համապատասխանաբար հավասար են 231 (1–2-29) և 2-33, օպերատիվ հիշողության ծավալն է 36–կարգանի 2048 բջիջ: «Հ–3»–ը նախատեսված է գիտատեխնիկական, վիճակագրական, պլանավորման և տնտ. լայն ոլորտի խնդիրների լուծման համար: «Հ–3»–ի միջին արագագործությունն է 25000 գործողություն 1 վրկ–ում, թվերը ներկայացվում են 48 կարգի օգնությամբ` սահող ստորակետով, դրական նորմալ տեսքի ամենամեծ և ամենափոքր թվեր, որոնք կարող են ներկայացվել, համապատասխանաբար հավասար են 463 (1–2-40) և 4-65, օպերատիվ հիշողության ծավալն է 48–կարգանի 16384 կամ 32768 բջիջ:
Ա. Բաղդասարյան
