Jump to content

ՀՍՀ/«ՀՕԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՕԿ», ամսագիր: Հայաստանի օգնության արտասահմանյան կոմիտեների պաշտոնական օրգան: Լույս է տեսել ՀՕԿ–ի Ֆրանսիայի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, 1933–35–ին, Փարիզում: Խմբագրական կոլեգիա` Գ. Թահմագյան, Դ. Դավիթյան և ուրիշներ: Իրականացրել է կապը ՀՕԿ–ի արտասահմանյան կազմակերպությունների և հայրենիքի միջև, համաձայնեցրել նրանց գործունեությունը: Լուսաբանել է Սովետական Հայաստանի առօրյան, ցույց տվել նրա տնտ. և մշակութային վերելքը: Ծավալուն տեղ է հատկացրել սփյուռքի, հատկապես ֆրանսահայ գաղութի, իրադարձություններին, արտահայտել հայ աշխատավորների հայրենասիրական ձգտումները, աջակցել հայրենադարձությանը, հայրենակցական և վերաշինաց միությունների գործունեությանը, դատապարտել դաշնակցության հակասովետական գործելակերպը: Գրական–գեղարվեստական և արվեստի բաժիններում տպագրել է չափածո և արձակ գործեր հայ և օտար հեղինակներից, գրաքննադատական ակնարկներ ու հոդվածներ, նյութեր թատրոնի, երաժշտության, կերպարվեստի մասին: Աշխատակցել են Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ա. Չոպանյանը, Զ. Եսայանը, Դ. Սիմոնյանը, Գ. Սարյանը, Վ. Նորենցը, Ալազանը, Վ. Թոթովենցը, Գ. Մահարին, Ռ. Թերլեմեզյանը և ուրիշներ: