Jump to content

ՀՍՀ/«ՁԱԽՈՒԹՅԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՄԵՋ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ՁԱԽՈՒԹՅԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՄԵՋ» | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 6 (տեսածրված) • 1980

«ՁԱԽՈՒԹՅԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՄԵՋ», կոմունիստական կուսակցությունների ստրատեգիայի և տակտիկայի, բոլշևիզմի պատմության և Հոկտեմբերյան հեղափոխության միջազգային նշանակության հարցերին նվիրված Վ. Ի. Լենինի աշխատությունը: Գրվել է 1920–ի ապրիլ–մայիսին, տպագրվել է ռուս.` հունիսին, անգլ. և ֆրանս.` հուլիսին և որպես նվեր տրվել է Կոմինտերնի II կոնգրեսի (1920–ի հուլիս– օգոստոս) պատգամավորներին: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո կապիտալիստական երկրների կոմկուսների ամենագլխավոր խնդիրը դարձավ, հենվելով մասսաների հեղափոխական վերելքի վրա, գլխավորել պրոլետարիատի պայքարը: Բայց նոր ստեղծված կոմկուսակցությունների մեծ մասը դեռևս չուներ նման աշխատանքի փորձ: Նրանց խանգարում էին ս–դ. կուսակցությունների ավանդույթները, պայքարի հին ձևերի որոշակի բեռը: Դրա հետ միասին կոմկուսներում երևան եկան «ձախ» խմբեր, որոնք կուսակցություններին մղում էին աղանդավորության և ավանտյուրիզմի, պահանջում էին բոյկոտել բուրժ. պառլամենտները, դեմ էին սոցիալ–դեմոկրատների գլխավորած արհմիություններում կոմունիստների մասնակցությանը, աղավաղում էին պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը ևն: Սրանք սխալներ էին, որոնք տանում էին դեպի խզում մասսաներից: Վ. Ի. Լենինը այս սխալները բնութագրեց որպես «Ձախության» մանկական հիվանդություն կոմունիզմի մեջ»: Լենինը ցույց էր տալիս, «…որ մեր հեղափոխության մի քանի հիմնական գծերն ունեն ո չ թե տեղական, ո չ թե ազգային առանձնահատուկ, ո չ թե միայն ռուսական, այլ միջազգային նշանակություն» (Երկ., հ. 31, էջ 5), «…որ բոլշևիզմը պիտանի է որպես տակտիկայի տիպար բոլորի համար» (Նույնի, հ. 28, էջ 372): Բոլշևիկների կուսակցությունը աճել, ամրապնդվել և կոփել է միջազգային օպորտունիզմի և մանրբուրժուական հեղափոխականության դեմ մղված տևական ու հետևողական պայքարում: Նրա հաջողության հիմնական պայմանները եղել են երկաթյա կարգապահությունը, մասսաների հետ սերտ կապը, իր տակտիկայի ճշտության մեջ նրանց սեփական փորձով համոզելը, տևական ու համբերատար աշխատանքը բանվորների ու աշխատավորների լայն շրջաններում, այդ թվում նաև այն կազմակերպություններում, որոնք գտնվում էին հետադեմ «առաջնորդների» ազդեցության տակ, այսինքն ամենուրեք, «…որտեղ մասսա կա» (Նույնի, հ.31, էջ 47): Բոլշևիկները զուգակցել են պայքարի լեգալ և անլեգալ ձևերը, օգտագործել բուրժ. պառլամենտը, թշնամիների միջև եղած հակասությունները, խստորեն հաշվի առել ուժերի փոխհարաբերությունը և հեղափոխական շարժման աստիճանը, պահպանել հավատարմությունը մարքսիզմ–լենինիզմին, ժամանակին ընդունել և շտկել սեփական սխալները: Քննադատելով «ձախ կոմունիսաների» անհեթեթ պատկերացումները «առաջնորդ–կուսակցություն–դասակարգ–մասսա» հասկացությունների մասին` Լենինը բացահայտեցդրանց դիալեկտիկական կապը, տվեց պրոլետարիատի դիկտատուրայի, նրանում կոմունիստական կուսակցության տեղի ու դերի սպառիչ բնութագրումը: Իշխանության համար մղվող պայքարում կոմունիստները պետք է ղեկավարվեն հեղափոխության հիմնական օրենքով: Հեղափոխության հաղթանակի համար անհրաժեշտ են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններ, այնպիսի իրադրություն, երբ շահագործող դասակարգերը չեն կարող ապրել ու կառավարել հին ձևով, իսկ մասսաներն էլ չուզենալով ապրել հին ձևով` ըմբոստանում են հին կարգերի դեմ. «Դա է բոլոր մեծ հեղափոխությունների հիմնական օրենքը…» (նույն տեղում, էջ 99): Աշխատության եզրափակիչ մասում Լենինը գրում է, որ եղբայրական կոմկուսները պետք է ոչ թե պատճենավորեն, այլ ստեղծագործաբար օգտագործեն բոլշևիկների փորձը, կարողանան «…հետազոտել, ուսումնասիրել, գտնել, կռահել, ըմբռնել ազգային առանձնահատուկը, ազգային սպեցիֆիկը` միասնական ինտերնացիոնալ խնդիրը լուծելու համար…» (նույն տեղում, էջ 98), «…շոշափել, ճիշտորոշել իրադարձությունների կոնկրետ ուղին կամ այն առանձնահատուկ շրջադարձը, որ մասսաներին մոտ է բերում իսկական, վճռական, վերջին, մեծ հեղափոխական պայքարին…» (նույն տեղում, էջ 104): Աշխատությունը ստացավ և ունի միջազգային վիթխարի նշանակություն, դարձավ բոլոր երկրնհրի կոմկուսների գործունեության ուղեցույցը: Այն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1921–ին, Թիֆլիսում, այնուհետև մինչև 1980–ը առանձին գրքով լույս է տեսել ևս վեց անգամ:

Ա. Բաղմանյան