Jump to content

ՀՍՀ/«ՁԱԽ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՁԱԽ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ», 1918–ի հունվարին ՌԿ(բ)Կ ներսում սովետական պետության և կոմունիստական կուսակցության արտաքին ու ներքին քաղաքականության դեմ մանրբուրժուական հեղափոխականության դիրքերից հանդես եկող ձախ օպորտունիստական խումբ: «Ձ. կ.»–ի խմբի ղեկավարներն էին Ն. Բուխարինը, Ա. Բուբնովը, Ա. Լոմովը (Գ. Օպպոկով), Վ. Օբոլենսկին (Ն. Օսինսկի), Ե. Պրեոբրաժենսկին, Գ. Պյատակովը, Կ. Ռադեկը: Խմբում ընդգրկված էին Ն. Անտոնովը (Լուկին), Ի. Արմանդը, Գ. Բոկին, Մ. Վասիլևը (Սարատովսկի), Ի. Վարդին–Մգելաձեն, Ռ. Զեմլյաչկան, Ա. Կոլոնտայը, Ս. Կոսիորը, Վ. Կույբիշեը, Յու. Լենսկին, Ն. Մուրալովս, Գ. Մյասնիկովը, Մ. Պոկրովսկին, Մ. Ուրիցկին, Ի. Ունշլիխտը, Մ. Ֆրունգեն, Ե. Յարոսլավսկին և ուրիշներ: «Ձ. կ.» պատասխանատու պաշտոններ էին գրավում խոշորագույն կուսակցական կազմակերպություններում, այդ թվում` Մոսկվայում, Պետրոգրադում, Ուրալում: «Ձ. կ.»–ի ֆրակցիոն կենտրոնը կուսակցության Մոսկվայի մարզային բյուրոն էր: 1918–ի պայմաններում, երբ ներքին բուրժուազիայի նկատմամբ համեմատաբար թեթև հաղթանակ էր ձեռք բերված, երբ Սովետները մեծ հաջողությունների էին հասել, կուսակցության անդամներիմի մասի մոտ պատրանք էր ստեղծվել, որ հնարավոր է նույնպիսի հեշտությամբ լուծել արտաքին քաղ. ու ներքին տնտ. բոլոր պրոբլեմները, «…կուսակցական աշխատողների մեծամասնությունը,–գրում էր վ. Ի. Լենինը,– ինչպես և այն ժամանակ ելնելով ամենալավագույն հեղափոխական մղումներից ու լավագույն կուսակցական տրադիցիաներից, հրապուրվում է «վառ» լոզունգով, առանց ըմբռնելու նոր հասարակական–տնտեսական ու քաղաքական սիտուացիան, առանց հաշվի առնելու պայմանների փոփոխությունը, որը պահանջում է տակտիկայի արագ, կտրուկ փոփոխություն» (Երկ., հ. 26, էջ 550): Ճիշտ չգնահատելով իրադրությունը` «Ձ. կ.» կոչ էին անում անմիջապես հեղափոխություն «կատարել» այլ երկրներում, ժխտում էին սոցիալիզմի հաղթանակի հնարավորությունը մեկ երկրում, հայտարարում էին, թե Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության նվաճումների պահպանումը հնարավոր է միայն համաշխարհային հաղթական սոցիալիստական հեղափոխության պայմանով: «Ձ. կ.»–ի դեմ սուր պայքար ծավալվեց հատկապես Բրեստի հաշտության պայմանագրի (տես Բրեստի հաշտություն 1918) կնքման և երկիրը իմպերիալիստական պատերազմից դուրս բերելու կապակցությամբ: «Ձ. կ.» սկզբունքորեն դեմ էին, որ սովետական պետությունը հաշտության համաձայնագիր կնքի իմպերիալիստական երկրների հետ: «Այսպիսի հայացքների տեսակետից,– գրում էր Վ. Ի. Լենինը,– իմպերիալիստական տերությունների շրջապատում սոցիալիստական հանրապետությունը չէր կարող տնտեսական որևէ պայմանագիր կնքել, չէր կարող գոյություն պահպանել, չթռչելով լուսնի վրա» (Երկ., հ. 27, էջ 66): Պայքար սկսելով կուսակցության ԿԿ–ում և պարտություն կրելով` «Ձ. կ.» տեղական կուսկազմակերպություններում սկսեցին հանդես գալ լենինյան խաղաղասիրական քաղաքականության դեմ: Սակայն ՌԿ(բ)Կ յոթերորդ համագումարի (1918–ի մարտ) նախօրյակին կուսակցական կազմակերպությունների մեծ մասը արտահայտվեց ԿԿ–ի լենինյան գծի օգտին: ՌԿ(բ)Կ VII համագումարում սովետական պետության արտաքին քաղաքականության սկզբունքների վերաբերյալ սուր բանավեճ ծավալվեց: Համագումարն ընդունեց պատերազմի և հաշտության վերաբերյալ լենինյան բանաձևը: Համագումարում պարտություն կրելուց հետո «Ձ. կ.» շարունակեցին իրենց պայքարը, սակայն արդեն 1918–ի մայիս–հունիսին նրանք կորցրին նախկինում իրենց պաշտպանող կուսկազմակերպությունների վստահությունը: 1918–ի ամռան վերջին «Ձ. կ.», հրապարակայնորեն ընդունելով իրենց սխալները` ակտիվորեն լծվեցին կուսակցական և պետ. աշխատանքի: «Ձ. կ.»–ի դեմ մղված սուր պայքարում կուսակցությունը գործում էր համոզման մեթոդով, բայց և վճռականորեն անցկացնում էր սկզբունքային գիծը:

Գրկ. Լենին Վ. ի., Դժբախտ հաշտության հարցի պատմության շուրջը, Երկ., հ. 26: Նույնի, Քոսի մասին, հ. 27: Նույնի, Ռևոլյուցիոն ֆրազի մասին, նույն տեղում: Նույնի, Տարօրինակն ու հրեշավորը, նույն տեղում: Նույնի, «Ձախ» երեխայության և մանր բուրժուականության մասին, նույն տեղում: Седьмой экстренный съезд РКП(б). Стенография, отчет, М., 1962 Из истории борьбы ленинской партии против оппортунизма, М., 1966.