ՀՍՀ/«ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ»
«ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ», գրական, քաղաքական շաբաթաթերթ (1903–04–ին` եռօրյա): Ամերիկայի հայ հրատարակչական ընկերության պաշտոնաթերթ (1899– 1900), վերակազմյալ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանակի (1900–02, 1903–08), հնչակյան կուսակցության Ամերիկայի նահանգային վարչության (1902– 1903) օրգան, վերակազմյալ հնչակյան կուսակցության Կ. Պոլսի վարչության պաշտոնաթերթ (1908–11): Լույս է տեսել 1899–1911–ին, Նյու Յորքում, Ուստրում, Բոստոնում և Կ. Պոլսում (1908–ից, երկրորդ շրջան): Խմբագիրներ` Վ. Շահենի (Հ. Հակոբյան), Գ. Չիթճյան, Ս. Պարթևյան, Մ. Սուրյան, Լ. Լարենց: Առաջին շրջանում ջատագովել է հայ քաղ. հոսանքների գործակցությունը, մերկացրել է Թուրքիայի հայահալած քաղաքականությունը: Համակրանք է հայտնել բալկանյան ժողովուրդների` օսմանյան բռնապետության դեմ մղած պայքարին, անդրադարձել արևելահայության հուզող խնդիրներին, ամերիկահայ մշակութային, կրթական, բարեգործական ձեռնարկներին, հրատարակել հայ հեղինակների գործեր, ռուս և այլ երկրների գրողների երկեր` Ա. Չոպանյանի, Ե. Դուրյանի, Ս. Հարությունյանի և այլոց թարգմանությամբ ուշագրավ են Մ. Գորկու «Բազեի երգը» (1902) և Ի. Վազովի «Լծի տակ» վեպի (1904) թարգմանությունները: Երկրորդ շրջանում լուսաբանել է արևմտահայության կացությունը օսմանյան «սահմանադրության» վերահաստատումից (1908) հետո, ծանոթացրել կովկասահայ կյանքին, հրատարակել նյութեր վերակազմյալ հնչակյան կուսակցության գործունեության վերաբերյալ: Տպագրել է Ադանայի ջարդերի (1909) ականատեսների վկայություններ և օտար մամուլի արձագանքներ, դատապարտել թուրք կառավարության կիսկատար «բարենորոգումները», օսմանյան «հեղափոխական» կուսակցությունների ծրագրերք: Աշխատակցել են Մ. Ս. Գաբրիելյանը, Հ. Ճանկյուլյանը, Կ. Փափազյանը, Վ. Տիրանյանը (Վ. Թեքեյան), Տ. Արշակը, Կ. Գարակյուլյանը (առաջին շրջան), Զ. Եսայանը, Ա. Փանոսյանը (Ալփասլան), Սիպիլը, Թլկատինցին, Ռ. Սևակը, Ե. Մեսիայանը, Ա. Անտոնյանը, Լ. Էսաճանյանը, Հ. Գազանճյանը, Գ. Մալխասը, Զ. Գոչյանը, Մ. Նաթանյանը, Վ. Արզույանը, Հ. Երվանդը, Ա. Գնունին և ուրիշներ: 1897–1899–ին լույս է տեսել «Տիգրիս» անունով (խմբագիրներ` Հ. Էկինյան, Թ. Չարշաֆճյան):
Գ. Գույումջյան
