ՀՍՀ/ԱԲԲԱՍ–ՄԻՐԶԱ
ԱԲԲԱՍ֊ՄԻՐԶԱ (1789—1833), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ֊Ալի֊Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլ. և ֆրանս. հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս֊պարսկական (1804—13, 1826—28) և թուրք֊պարսկական (1821—23) պատերազմների ժամանակ Ա֊Մ. պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկ. տիրապետության տակ պահելու Ա֊Մ-ի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։
