Jump to content

ՀՍՀ/ԱԲԲԵ ԷՌՆԵՍՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԲԲԵ (Abbe) Էռնեստ (1840–1905), գերմանացի ֆիզիկոս, հաս. գործիչ։ Ծնվել է հունվարի 23-ին։ 1870-ից ֆիզիկայի պրոֆեսոր Ենայի համալսարանում, 1877–1890-ին՝ նույն քաղաքի աստղադիտարանի տնօրեն։ Մանրադիտակում պատկերների գոյացման տեսության հեղինակ։ Ա֊ի տեսությունն այդ բնագավառի առաջին գիտական սպառիչ ամփոփումն է։ Ենայի համալսարանի մեխանիկ Կառլ Ցայսի առաջարկով Ա. մասնակցել է նրա օպտիկական արհեստանոցի ստեղծմանը։ Ա֊ի շնորհիվ Ցայսի արհեստանոցը վերածվեց համաշխարհային հռչակ վայելող ձեռնարկության։ Ցայսի մահից հետո Ա․ դարձավ ձեռնարկության փաստացի տերը։ Սակայն, ելնելով իր սոցիալ֊քաղ. համոզմունքներից, հրաժարվեց սեփականատիրոջ իրավունքից, ձեռնարկության համար մշակեց հատուկ կանոնադրություն, ըստ որի, ձեռնարկության վարչությունը պետք է կազմվեր կառավարության, Ենայի համալսարանի և բանվորների ներկայացուցիչներից։ 1900-ին այնտեղ սահմանվեց ութժամյա բանվորական օր։ Գործարանի եկամտի որոշ մասը հատկացվում էր Ենայի համալսարանի թոշակառուների ֆոնդին և լուսավորական նպատակների։ Ա. ազատամիտ֊բարենորոգիչ էր, «լիբերալ ժողովրդական կուսակցության» անդամ։ Մահացել է հունվ. 14-ին։