ՀՍՀ/Աբգար Թոխաթեցի
ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ (Սաֆար Աբգար, Աբգար Եվդոկացի, Աբգար դպիր, ծն. թ. անհտ. – մոտ 1572), հայ տպագրիչ, հասարակական֊քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև հայոց թագավորների շառավիղ։ 1562-ին Էջմիածնի Միքայել Սեբաստացի կաթողիկոսը, որ այդ ժամանակ ապաստանել էր հայրենի Սեբաստիայում, Աբգարի գլխավորությամբ պատգամավորություն ուղարկեց Հռոմ՝ Հայաստանի ազատագրության և դավանաբանական հարցերով։ Այդ առաքելությունը շոշափելի արդյունք չտվեց, բայց Աբգարի Իտալիայում գտնվելը կարևոր նշանակություն ունեցավ հայ տպագրության զարգացման համար։ Հռոմի Պիոս IV պապից և Վենետիկի Հերոնիմոս Դոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով՝ Ա. Թ. 1565-ին Վենետիկում տպագրեց «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջի վրա) և Սաղմոսարան (վերջինս մինչև 1880֊ական թվականները սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Ա. Թ. առաջին հայ տպագրիչը)։ Այնուհետև տեղափոխվեց Կ. Պոլիս, որտեղ հիմնեց տպարան։ Այստեղ տպագրեց ևս 6 գիրք. 1567-ին՝ «Փոքր քերականութիւն», 1568֊ին՝ «Պարզատումար», «ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին), «Տօնացոյց», «Տաղարան», 1569֊ին՝ «Մաշտոց»։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ա. Թ. տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը։ Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս IV պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։
Գրկ. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786։ Լեո, Հայկական տպագրություն, հ. 1, Թ., 1904։ Զարդարյան Վ., Հիշատակարան (1512–1933), հ. 5, Կահիրե, 1939։ Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։ Անասյան Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։
