Jump to content

ՀՍՀ/ԱԲԵՂՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲԵՂՅԱՆՆԵՐ, Աբեղեանք, Աբեղունիք, հայ նախարարական տոհմ Աբեղյանք գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Ա-ի նախարարությունը հիմնել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ տոհմի նահապետ Աբեղին արքունիքի սպասարար և գահավոր կարգելով։ Խորենացին Արտաշես Բ-ի մահվան կապակցությամբ հիշատակում է Ա-ի տոհմից ոմն Աբեղի՝ առաքված Երիզայի (Եկեղյաց գավառ) Արտեմիսի մեհյանը՝ կուռքերից արքայի համար բժշկություն և արևշատություն խնդրելու։ Ա. Հայոց արքունիքում զբաղեցրել են երկու բարձ (տես Գահնամակ), որը տոհմի մեծության և երկրի քաղաքական կյանքում խաղացած կարևոր դերի ապացույց է։ Ա-ի զորքը բաղկացած էր 300 հեծյալից (տես Զորանամակ)։ IV դարից Ա. կորցնում են իրենց քաղաքական դերը։ Ա-ի նահապետ Գազրիկը հիշվում է որպես Վարդանանց պատերազմի մասնակից, իսկ Գրիգոր Աբեղյան իշխանը՝ 544-ի Դվինի ժողովի մասնակից։ Ա-ի մասին այլ հիշատակություն մեզ չի հասել։

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890։