ՀՍՀ/Աբեռացիա
ԱԲԵՌԱՑԻԱ (լատ. aberratio – շեղում, մոլորում), 1. աստղագիտության մեջ, երկնոլորտում լուսատուի թվացող տեղաշարժ, որ հետևանք է լույսի տարածման վերջավոր արագության և Երկրի շարժման։ Ա. լինում է օրական՝ պայմանավորված Երկրի օրական պտույտով, տարեկան՝ Արեգակի շուրջը Երկրի շարժմամբ և դարավոր՝ Տիեզերքում Արեգակնային համակարգության տեղաշարժմամբ։ Ա. հայտնաբերել է Ջ. Բրադլեյը 1725-ին։

Ընդունենք, որ CB (տես գծ.) դիտորդ-լուսատու ուղղությունն է, A՝ ապեքսը։ Անշարժ դիտակով լուսատուն տեսնելու համար դիտափողը պետք է ուղղել CB-ով։ Բայց քանի որ դիտորդը Երկրի հետ շարժվում է, ապա t ժամանակում, երբ լույսը B-ից անցնի C, դիտորդը C-ից կհասնի C՛։ Ուստի, լուսատուն տեսնելու համար դիտափողն անհրաժեշտ է ուղղել CB՛-ով, այսինքն՝ թեքել՝ α անկյունով (α-ն կոչվում է Ա.)։ Այսպիսով, լուսատուն կտեղափոխվի շարժման ուղղությամբ դեպի ապեքս α անկյունով։ CB կոչվում է լուսատուի իսկական, իսկ CB՛ տեսանելի ուղղություն։ Ա. հաշվվում է α՛՛=χ sinφ բանաձևով, որտեղ χ կոչվում է Ա-ի հաստատուն և միջազգային համաձայնությամբ 20,496՛՛ է։
Ա. հաշվելու ավելի ճշգրիտ բանաձև ստացվում է Լորենցի ձևափոխությունների օգնությամբ։ Սակայն ուղղումն անչափ փոքր է ժամանակակից չափումների ճշտության սահմանից, ուստի գործնականում օգտվում են դասական ֆիզիկայի բանաձևից։ 2. Օպտիկայում՝ պատկերի թերություն, որ առաջ է բերում օպտիկական համակարգը (տես Օպտիկական համակարգերի թերություններ)։ 3. Կենսաբանության մեջ՝ բուսական կամ կենդանական տեսակի շեղում նորմալ ձևից։ Բնության մեջ Ա. հազվադեպ է, ժառանգական չէ և ըստ ամենայնի առաջանում է արտակարգ պայմանների ազդեցությամբ։ 4. Հոգեբանության մեջ՝ շեղում նորմալ մտածողությունից։ Լինում է կարճատև (հոգնածությունից, ցնցումից) կամ երկարատև (հոգեկան հիվանդությունների դեպքում)։
