Jump to content

ՀՍՀ/ԱԲԻՈԳԵՆԵԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲԻՈԳԵՆԵԶ (հուն, α – ժխտ. մասնիկ, βίος — կյանք և γένεσίς – ծագում), անօրգանական նյութերից կենդանի էակների առաջացման տեսություն։ Մինչև XIX դ. կեսը Ա. տերմինի տակ հասկացվում էր ինքնաբերաբար ծագումը, այսինքն անկենդան նյութերից բարդ կազմակերպված կենդանի նյութերի հանկարծակի առաջացումը։ Դեռնս XVII դ. հավատում էին որդերի, ձկների, գորտերի և նույնիսկ մկների ինքնածնությանը հողից, տիղմից, ցեխից։ 1668-ին իտալացի գիտնական Ֆ. Ռեդին ցույց տվեց, որ հոտած մսի վրա ճանճի թրթուրներն առաջանում են միայն ճանճերի դրած ձվերից։ XVIII դ. իտալացի գիտնական Լ. Սպալանցանին հաստատեց, որ եռացրած արգանակում մանրէներ չեն զարգանում։ Այդ միտքը վերջնականապես ապացուցեց ֆրանս. գիտնական Լուի Պաստյորը 1861-ին, որի փորձերը, սակայն, չէին ժխտում Ա֊ի հնարավորությունը նախկին երկրաբանական ժամանակաշրջաններում։ Հանդես գալով բիոգենեզի՝ «կյանքի հավիտենականության» տեսության դեմ, Ֆ. Էնգելսը գտնում էր, որ կյանքը մատերիայի շարժման հատուկ ձև է և առաջացել է նրա զարգացման որոշակի փուլերում։ Ներկայումս գիտնականՆերի մեծ մասի կարծիքով կյանքի առաջացումը երկարատև պրոցես է և տեղի է ունեցել Երկրի վրա հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում, երբ պայմանները (ճառագայթման ռեժիմը, երկրակեղևի հեղուկ, գազային ու կարծր վիճակների ջերմաստիճանը, քիմիական բաղադրությունը ևն) խիստ տարբերվել են ժամանակակից պայմաններից։ Ա֊ի տարածված տեսություններից մեկը պատկանում է սովետական գիտնական Ա. Ի. Օպարինին։