ՀՍՀ/ԱԲԼՂԱՐԻԲ ԱՐԾՐՈՒՆԻ
ԱԲԼՂԱՐԻԲ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. թ. անհտ.–1080), հայ պետական գործիչ։ Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։ Ա. Ա. 1021-ին Սենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թթ. նշանակվել է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ 1073-ին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել է Գանձակից Կիլիկիա գաղթած Օշինյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ֊ի հետ։ Ա. Ա. Կիլիկիայում ունեցել է տնօրինման լայն իրավունքներ, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկ. պետության հիմնադրման համար։ Թաղվել է Պապեռոնում։
Գրկ. Ալիշան Ղ, Սիսուան, Վնտ., 1885։
