ՀՍՀ/ԱԲԽԱԶԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1866
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1866, հակաֆեոդալական և հակագաղութային ապստամբություն Աբխազիայում։ Պատճառը գյուղացիների դժգոհությունն էր կառավարության կողմից նախապատրաստվող ագրարային ռեֆորմից։ Սկսվել է հուլիսի 26-ին, Լիխնի գյուղում (այժմ Գուդաութայի շրջանում) և ապա ընդգրկել գրեթե ամբողջ Աբխազիան։ Ապստամբները մոտ 20 հզ. մարդ էին։ Ապստամբական ջոկատները (ավելի քան 4 հզ. հոգի) հուլիսի 27-ին գրավեցին Սուխումի արվարձանները. Սուխումի բերդին տիրանալու նրանց բազմակի փորձերը հաջողություն չունեցան։ Գյուղացիների քաղաքական հետամնացության պատճառով ապստամբության ղեկավարությունն անցավ ֆեոդալներին, որոնք համաձայնություն էին փնտրում ցարիզմի հետ։ Նրանց օգնությամբ էլ իշխանությունները ճնշեցին ապստամբությունը։ Դատի տրվեց 15 հոգի, որոնցից երեքը հրապարակայնորեն մահապատժի ենթարկվեցին, շատերն արտաքսվեցին Աբխազիայից։ Դատապարտված գյուղացիների մի մասը կամովին քրիստոնեություն ընդունեց՝ գերադասելով պատիժը կրել Սիբիրում, քան տեղափոխվել սուլթանական Թուրքիա։
Գրկ. Дзидзария Г. А., Восстание 1866 г. в Абхазии, Сухуми, 1955.
