ՀՍՀ/ԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Աբխազիա, Ափխազիա, ինքնանվանումը՝ Ափըսնի («Հոգու երկիր»), մտնում է ՎՍՍՀ կազմի մեջ։ Գտնվում է Վրաստանի հյուսիս֊արևմուտքում, Սև ծովի ափին։ Կազմվել է 1921-ի մարտի 4-ին։ Տարածությունը՝ 8,6 հզ. կմ², բնակչությունը՝ 492 հզ. (1972)։ Բաժանվում է 6 շրջանի։ Մայրաքաղաքը՝ Սուխում։
Աբխազական ԻՍՍՀ աշխատավորների սոցիալիստական պետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1937-ի օգոստոսի 2-ին։ Իշխանության օրենսդիր մարմինը Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետն է. ընտրվում է 4 տարի ժամանակով, կազմում է կառավարությունը՝ Աբխազական. ԻՍՍՀ Մինիստրների սովետը և ընտրում Աբխազական ԻՍՍՀ գերագույն դատարանը։
Բնությունը։ Ա֊ի տերիտորիայի մեծ մասը գրավում են Գլխավոր Կովկասյան լշ֊ի հվ֊արմ. լեռնաճյուղերը (Գագրայի, Կոդորի, Աբխազական ու Բզիբի)։ Կարևոր լեռնանցքներն են Կլուխորին (2781 մ) և Մարուխը (2739 մ)։ Ծովափով ձգվում է դաշտավայրային նեղ գոտի, որն ընդարձակվում է դեպի Ղալիձայի հովիտը։ Ա. հարուստ է քարածխով և շինանյութերով։ Մերձծովյան շրջանում կլիման տաք է, խոնավ մերձարևադարձային, միջին ջերմաստիճանը հունվարին 4°C֊ից մինչև 7°C է, հուլիսին՝ 22°C֊ից մինչև 24°C։ Լեռնային մասերում ձմեռը երկարատև Է, ցուրտ։ Տեղումները ցածրադիր վայրերում 1300–1500 մմ են, լեռներում՝ 2000–2400 մմ է։ Բզիբ և Կոդոր գետերն ունեն էներգետիկ մեծ պաշարներ։ Լճերից նշանավոր են Ռիցան և Ամթխելը։ Ցածրադիր վայրերում և նախալեռներում ճահճային, մերձարևադարձային պոդզոլացված հողեր են, կարմրահողեր և դեղնահողեր։ Լեռներում մինչև 1700 մ բարձրությունը, տարածված են կարմրահողեր ու կարբոնատային֊հումուսային, գորշ լեռնաանտառային, իսկ ավելի բարձր՝ ճիմածածկ և ճիմա֊տորֆային լեռնամարգագետնային հողեր։ Ա֊ի տարածության կեսից ավելին ծածկված է տոսախի, կաղնու, բոխու, հաճարենու, եղևնու անտառներով։
Բնակչությունը։ Ա֊ում ապրում է ավելի քան 10 ազգություն։ Աբխազները կազմում են բնակչության 15,9, վրացիները՝ 41,0, ռուսները՝ 19,1, հայերը՝ 15,4% (1970)։ Բնակվում են նաև հույներ, հրեաներ, էստոնացիներ, ուկրաինացիներ, բելոռուսներ։ Քաղաքային բնակչությունը՝ 220 հզ., գյուղականը՝ 272 հզ. (1972)։ Միջին խտությունը՝ 57,2 մարդ 1 կմ² վրա։ Քաղաքներն են՝ Սուխում, Տղվարչելի, Գագրա, Գուդաութա, Օչամչիրա, Գալի։
Պատմական ակնարկ։ Ա֊ի տերիտորիայում հայտնաբերվել են հին և նոր քարեդարյան

բնակատեղիներ։ Աբխազիայում ապրած ցեղերի մասին առաջին տվյալները վերաբերում են բրոնզի դարի վերջերին։ Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հասարակության ձևավորման պրոցեսը Ա֊ում սկսվել է մ. թ. ա. VII–VI դդ.։ Ա. շփվել է Անտիկ աշխարհի զարգացած երկրների հետ։ Հույները մ. թ. ա. VI–V դդ. այստեղ հիմնել են Դիոսկուրիա, Պիտիունտ (Պիցունդա) և այլ գաղութներ։ Մ. թ. ա. II դ. վերջին Ա. ենթարկվել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին, իսկ մ.թ.ա. 65-ին ընկել է հռոմեացիների տիրապետության տակ։ Մ. թ. I դ. վերջերին Ա֊ում գոյացել են վաղ ֆեոդալական տիպի ցեղային միավորումներ (ապշիլների, աբազգների և սանիգների)։ IV–VI դդ. Ա. աստիճանաբար նվաճեցին բյուզանդացիները։ VI դ. առաջին կեսին աբխազներն ընդունեցին քրիստոնեությունը և դարձրին երկրի պաշտոնական կրոն։ VIII դ. վերջերին, ազատագրվելով Բյուզանդիայի լծից, ստեղծեցին Աբխազական թագավորությունը։ Այնուհետև աբխազական գահն անցավ Բագրատ III (1008-ից «Թագավոր Աբխազաց և Վրաց»)։ XII դ. սկզբին Ա. հանձնվեց Շարվաշիձե իշխանական տանը՝ ժառանգաբար տիրելու իրավունքով։ Օգտվելով Վրաստանի քաղաքական թուլացումից, XV–XVI դդ. սահմանագլխին Ա. առանձնացավ՝ դառնալով ինքնուրույն իշխանություն։ XVI դ. երկրորդ կեսին Ա֊ում հայտնվեցին թուրք նվաճողները և 1578-ին գրավեցին Սուխումը։ Թուրքական տիրապետությունը տևեց մինչև 1810-ը։ Թուրքերը ձգտում էին ոչնչացնել աբխազների նյութական և հոգևոր մշակույթը։ Բռնությամբ հավատափոխեցին աբխազներին՝ պարտադրելով մահմեդականությունը։ Աբխազ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ հաճախ վերաճել է զինված ապստամբության (1725, 1728, 1733, 1771, 1806)։ 1810-ին Ա. միացվեց Ռուսաստանին։ Դա ունեցավ առաջադիմական նշանակություն, թեև ցարիզմի գաղութակալական քաղաքականությունը կաշկանդում էր Ա֊ի տնտեսության և ազգային մշակույթի զարգացումը։ Ծայրաստիճան հետամնաց Թուրքիայի տիրապետությունից ձերբազատված Ա. ներքաշվեց համառուսաստանյան շուկա, հաղորդակից դարձավ ռուսական առաջադիմական մտքին։ 1864-ին ցարական հրովարտակով Ա. վերածվեց «Սուխումի զինվորական օկրուգ»֊ի, մտցվեց ռուսական կառավարչություն։ 1866-ին ցարիզմի քաղաքականությունից դժգոհ ժողովուրդն ապստամբեց։ 1870-ին Ա֊ում վերացվեց ճորտատիրությունը, արագացավ ապրանքա֊դրամական հարաբերությունների զարգացումը։ 90-ական թթ. կառուցվեց Նովորոսիյսկ–Սուխում խճուղին։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը դարձավ ծխախոտագործությունը։ XX դ. սկզբին խոշոր հողատերերն ունեին 135 հզ., իսկ գյուղացիները՝ 72 հզ. դեսյատին հող։ Կար մոտ 400 մանր, առավելապես տնայնագործական ձեռնարկություն։
1902–03-ին Ա֊ում ստեղծվեցին առաջին սոցիալ֊դեմոկրատական կազմակերպությունները։ 1905—07-ին հեղափոխական շարժումները գլխավորում էր ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեն։ 1905-ին ստեղծվեցին գյուղացիների զինված ջոկատներ՝ «կարմիր հարյուրյակներ», իսկ Սուխումում կազմակերպվեց ժողովրդական միլիցիա։ Բոլշևիկները Գ. Կ. Օրջոնիկիձեի գլխավորությամբ 1905-ի դեկտեմբերի 18–20-ը ապստամբություն բարձրացրին, սակայն Սուխումում իշխանությունը գրավելու փորձը ձախողվեց։ Ցարական զորքերը ճնշեցին աշխատավորների ապստամբական ելույթները նաև Գուդաութայում, Գագրայում և Գալիի շրջանում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ուժեղացավ բոլշևիկների ազդեցությունը զորամասերում, Գուդաութայի և Գագրայի սովետներում: Ստեղծվեց ՌՍԴԲ(բ)Կ շրջանային կոմիտե՝ Ե. Էշբայի գլխավորությամբ: 1917-ի նոյեմբերին Ա֊ում տարածվեց Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանությունը։ 1918-ի մարտին Ա֊ի բոլշևիկյան կազմակերպությունների գլխավորությամբ ապստամբները գրավեցին Սուխումը, հռչակեցին սովետական իշխանություն, որը գոյատևեց մեկ ու կես ամիս։ 1921-ի փետրվար֊մարտին Ա֊ի աշխատավորները ողջ Վրաստանի աշխատավորների հետ միասին զինված ապստամբություն բարձրացրին։ Ստեղծվեց հեղկոմ՝ Ե. Էշբայի, Ն. Լակոբայի և Ն. Ակիրտավայի գլխավորությամբ։ 1921-ի մարտի 4-ին Սուխումը դարձավ սովետական, մարտի 31-ին Ա. հռչակվեց սովետական սոցիալիստական հանրապետություն։ 1921-ի ապրիլին Վրաստանի Հեղկոմը հրապարակեց հողի մասին դեկրետը, հողն ազգայնացվեց, նախկին կալվածատիրական ու մասնավոր սեփականատիրական հողերը բաժանվեցին գյուղացիներին։ Նույն թվականի դեկտեմբերին Ա. պայմանագրային հիմունքով մտավ ՎԱՍՀ֊ի, իսկ 1922-ի դեկտեմբերի 13-ին՝ ԱՍՖՍՀ֊ի մեջ։ 1922-ի դեկտեմբերի 30-ին Ա. ԱՍՖՍՀ֊ի հետ միասին մտավ ՍՍՀՄ֊ի մեջ։ 1931-ի փետրվարից Ա. ՎՍՍՀ֊ի մեջ է որպես ինքնավար հանրապետություն:
Սովետական իշխանության տարիներին Ա֊ում ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերություն, զարգացել է գյուղատնտեսությունը, իրականացվել է կուլտուրական հեղափոխությունը։ 1935-ին Ա․ պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի 20 մասնակիցների, այդ թվում 4 հայերի, շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։
Տնտեսությունը։ Ա. մերձարևադարձային բույսերի մշակության, սննդամթերքի արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ու անտառատնտեսության կարևոր շրջան է։ Կան քարածխի, բազմամետաղների, սնդիկի և բարիտի հանքավայրեր։ Զարգացած են առողջարանային տնտեսությունն ու զբոսաշրջիկությունը։ ՎՍՍՀ ծխախոտի՝ 60, թեյի՝ 17, եթերայուղերի՝ 12 և պահածոների 11% արտադրում է Ա.։ Ծխախոտի և թեյի արտադրության կենտրոններն են Սուխումը, Գուդաութան, Օչամչիրան, Գանթիադին, Գալին։ Արդյունաբերական արտադրանքի 75% տալիս է սննդի արդյունաբերությունը։ Կաշվի և կոշիկի արտադրությունը կենտրոնացված է Սուխումում։ Տղվարչելիի հանքերին բաժին է ընկնում ՎՍՍՀ ածխի արդյունահանման ավելի քան մեկ երրորդ մասը։ Ա. ունի հարուստ անտառային տնտեսություն, փայտամշակման արդյունաբերություն (Կոլդախվար, Կոդոր), կահույքի արտադրություն (Սուխում, Օչամչիրա), ձկնարդյունաբերություն։ Խոշոր էլեկտրակայաններից են Տղվարչելիի ՋԷԿ֊ը և Սուխումի ՀԷԿ֊ը։
Ցանքատարածությունները 1971-ին կազմել են 41.8 հզ. հա։ 1968-ին մշակվել է հացահատիկ (հիմնականում եգիպտացորեն)՝ 24.5 հզ. հա, ծխախոտ՝ 6 հզ. հա, կարտոֆիլ և բանջարա-բոստանային կուլտուրաներ՝ 2,2 հզ. հա։ Բազմամյա տնկարկները 34,1 հզ. հա (1969), որից թեյ՝ 13,7 հզ. հա, ցիտրուսներ՝ 3,3 հզ. հա, խաղող՝ 5 հզ. հա և պտղատու այգիներ՝ 12,1 հզ. հա։ Անասնապահությունն ունի կաթնա֊մսատու ուղղություն։ Գերակշռում են խոշոր եղջերավոր անասունները (140 հզ. գլուխ, 1971)։ Զարգացած են նաև ոչխարաբուծությունը (36 հզ. գլուխ) և խոզաբուծությունը (71 հզ. գլուխ)։ Զբաղվում են նաև շերամապահությամբ և մեղվաբուծությամբ։
Տրանսպորտը։ Ա֊ով են անցնում Լենինգրադ–Մոսկվա–Սոչի–Սուխում–Թբիլիսի–Երևան–Սևան էլեկտրիֆիկացված երկաթուղին և Մոսկվա–Նովորոսիյսկ–Սուխում–Թբիլիսի–Երևան ավտոխճուղին։ Սուխումը, Օչամչիրան, Գագրան նավահանգիստներ են։
Ժողովրդական կրթությունը։ Ա. ունի (1967–68) 482 տարրական, ութամյա և միջնակարգ դպրոց (110,6 հզ. աշակերտ, 1971), 6 երաժշտական դպրոց, 11 միջնակարգ֊մասնագիտ. ուսումնարան, գյուղատնտեսական և մանկավարժական ինստ֊ներ (10,8 հզ. ուսանող, 1970), 13 գիտահետազոտական հաստատություն. Աբխազ. լեզվի, գրականության և պատմության ինստ֊ը, ՍՍՀՄ ԲԳԱ֊ի փորձարարական ախտաբանության և թերապիայի ինստ֊ը՝ Սուխումի կապկաբուծարանով, որ երկրում միակն է, թեյի և մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստ֊ի բաժանմունքը, Սուխումի բուսաբանական այգին ևն։ Բուհերում և գիտ. հիմնարկներում աշխատում են 849 գիտ. աշխատող (1970), գիտության դոկտորներ՝ 35, գիտության թեկնածուներ՝ 352։ Գործում են 218 ակումբ, 300 գրադարան, 210 կինո, 2 թանգարան, թատրոն, ֆիլհարմոնիա։
Մամուլը։ Հրատարակվում են «Ապսնի կապշ» («Կարմիր Աբխազիա», աբխազերեն), «Սաբճոթա Աբխազեթի» («Սովետական Աբխազիա», վրացերեն), «Սովետսկայա Աբխազիա» («Սովետական Աբխազիա», ռուսերեն) օրաթերթերը։
Գրականությունը։ Աբխազական բանահյուսության գլուխգործոցը «Աբրսկիլ» էպոսն է։ Ազգային գրավոր գրականության հիմնադիրը համարվում է Աբխազիայի ժող. բանաստեղծ Դ. Գուլիան։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912-ին։ 1919-ին երիտասարդ գրողները համախմբվեցին առաջին աբխազերեն լրագրի՝ «Ապսնի»֊ի շուրջը։ Ս. Չանբան (1886–1937) գրեց «Մահաջիրներ» դրաման (1920)։ Սոցիալիստական շինարարության տարիներին ստեղծագործական եռանդուն գործունեություն ծավալեցին բանաստեղծներ Օ. Դեմերջաիփան (1910–39), Լ. Լաբախուան (1911–38), Լ. Կվիցենիան (1912–41)։ Դ. Գուլիայի «Կամաչիչ», Ս Չանբայի «Սեյդիկ», Ի.Պապասկիրիի (ծն. 1902) «Թեմիր» վեպերով ձևավորվեց ազգային գրական արձակը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աբխազական գրականությունը գեղարվեստորեն արտացոլում էր ժողովրդի հայրենասիրությունը։ Ետպատերազմյան շրջանում լայն ճանաչում են գտել հանրապետության ժող. բանաստեղծ Բ. Շինկուբայի ստեղծագործությունները։ Մ. Խաշբան, Ի. Թարբան, Ա. Լասուրիան, Գ. Գուլիան (գրում է ռուսերեն), Ն. Թարբան պատկերում են աբխազ ժողովրդի կյանքը։ Աբխազերեն են թարգմանվել համաշխարհային դասական գրականության բազմաթիվ երկեր։ Սուխումում լույս է տեսնում «Ալաշարա» («Լույս») գրական֊գեղարվեստական և հասարակական֊քաղաքական ամսագիրը։
Ա֊ում վրացերեն, հայերեն և ռուսերեն ստեղծագործող գրողներից աչքի են ընկնում Շ. Ակոբիան, Ա. Ջիդարյանը, Լ. Լյուբչենկոն։
Ճարտարապետությունը։ Ա֊ում պահպանվել են բրոնզի դարի դոլմեններ, կիկլոպյան կառույցների հետքեր, անտիկ և վաղ միջնադարյան քաղաքացիական և պաշտպանական շինությունների ավերակներ։ VI–VIII դդ. պաշտամունքային ճարտարապետությունը աչքի է ընկնում երկրաչափական ձևերի պարզությամբ (Գագրայի հին ամրոցի եկեղեցին, Նոր Աֆոնի միաբսիդ բազիլիկան)։ Աբխազական և Վրացական թագավորությունների շրջանում Ա֊ի ծաղկում ապրած միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ են բազմազան, զուսպ ձևերի օգտագործումը, քանդակազարդերի սակավությունը (Գանթիադիի բազիլիկը, Մոքվիի և Լիխնիի համաչափ գմբեթավոր բազիլիկները, Դրանդայի, Նոր Աֆոնի, Պիցունդայի և այլ վայրերի խաչաձև գմբեթավոր տաճարները)։ XI–XII դդ. կառույցներ են Բեդիայում գտնվող պալատը, Բեսլեթի գետի միաթռիչք կամարով կամուրջը, մի շարք ամրոցային շինություններ (Բագրատի դղյակը Սուխումում ևն)։ Ֆեոդալական տարանջատվածության (XIV–XVI դդ.) և թուրքական զավթումների (XVI–XIX դդ.) շրջաններում շինարարությունը խիստ կրճատվել է. գլխավորապես կառուցվել են ամրոցներ և դղյակներ։ Ռուսաստանի հետ միավորվելուց (1810) և կապիտալիզմի զարգացումից հետո սկսվում է ծովափնյա քաղաքների բարգավաճումը, արդյունաբերական ու վարչական շենքերի, առողջարանների շինարարությունը։
Սոցիալիստական Ա֊ում բարեկարգվում են քաղաքները, վերականգնվում հուշարձանները։ Սուխումում կառուցվել են Աբխ. ԻՍՍՀ Կառավարական տունը (1932–39, ճարտ. Վ. Ա. Շչուկո, Վ. Գ. Գելֆրեյխ), «Աբխազիա» հյուրանոցը (1938, ճարտ. Յու. Ս. Գոլուբև, Յու. Վ. Շչուկո) երկաթուղային կայարանը (1951, ճարտ. Լ. և Լ. Մուշկիդիանիներ), Մերձարևադարձային տնտեսության ինստիտուտը (1968, ճարտ. Դ. Ղիփշիձե, Օ. Պայճաձե, Կ. Ցուլայա)։ 1960-ական թթ. սկզբից լայն թափ է ստացել տիպային շինարարությունը։ Հաստատվել է Սուխումի վերահատակագծման նախագիծը (1968)։ Կառուցվում է ծովային կայարանը (1969)։ Ծավալվել է ծովափնյա բուժարանների շինարարությունը Նոր Աֆոնում, Գուդաութայում, Գագրայում (ՎՍՍՀ Մինիստրների սովետի հանգստյան տունը, 1935, ճարտ. Ն. Պ. Սևերով, «Ուկրաինա» առողջարանը, 1936, ճարտ. Յա. Ա. Շտեյնբերգ, XVII կուսհամագումարի անվ. հանգստյան տունը, 1952, ճարտ. Ա. Ալխազով, «Ռոսիա» հանգստյան տունը, 1969, ճարտ. Յու. Լ. Շվարցբրեյմ բրեյմ) և Սուխումում («Սինոպ» հանգստյան տունը, 1967, ճարտ. Վ. Ալեքսի֊Մեսխիշվիլի, կոմպոզիտորների հանգստյան տունը, 1969, ճարտ. Շ. Դավիթաշվիլի, Գ. Ջաբուա)։ 1959–67-ին Պիցունդայում ստեղծվել է բուժարանների նոր համալիր։
Թատրոնը։ Աբխազ, ժողովրդական երգերը, խաղերը, պարերը հարուստ են թատեր. արվեստի տարրերով։ Հայտնի են ծաղրածուների՝ «քեչեկների» ներկայացումները։ Պրոֆեսիոնալ թատրոնը ձևավորվել է սովետական իշխանության օրոք։ 1921-ին ստեղծվել է ազգային թատերախումբ (ղեկ. Դ. Գուլիա), որը 1928-ին դարձավ Սուխումի թատրոնի աբխազ․ բաժնի կորիզը, 1930-ին՝ դրամատիկական ստուդիա։ Նույն թվականի դեկտ. 9-ին Շանշիաշվիլու «Անզոր» պիեսի ներկայացումով բացվել է Սուխումի աբխազական թատրոնը (1967-ից՝ Ա. Չանբայի անվ.)։ Բեմադրվել են ազգային և համաշխարհային դրամատուրգիայի շատ գործեր։ Ա֊ի թատրոնի ականավոր գործիչներից են՝ ՎԱԱՀև Աբխ. ԻՍՍՀ ժող. արտիստներ Ա. Ագրբան, Ռ. Ագրբան, Ա. Արգուն֊Կոնոշոկը, Մ. Զուխբան, Լ. Կասլանձիան, Շ. Պաճուլիան, Ե. Շակիրբայը, Մ. Կովեն, Դ. Միկվաբիան։
Կերպարվեստը։ Աբխազ․ վարպետները հնուց զբաղվել են փայտի, մետաղի զարդաքանդակումով, բրուտագործությամբ, ասեղնագործությամբ։ Պատրաստել են նախշազարդ հյուսվածքներ, բույսերի, կենդանիների պատկերներով զարդեր։ Պրոֆեսիոնալ կերպարվեստն սկսել է զարգանալ 1930-ական թթ.։ 1935-ին Սուխումում բացվեց գեղարվեստական դպրոց, իսկ 1937-ին՝ ուսումնարան։ Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1941-ին։ Հայտնի են նկարիչներ Ի. Ցոմայան, Չ. Կուկուլաձեն, Ն. Տաբուկաշվիլին, Վ. Դ., Բուբնովան, Գ. Զեդգենիձեն, Ի. Շենգելիան, քանդակագործներ Բ. Գոգոբերիձեն, Գ․ Ռուխաձեն, թատերական նկարիչներ Ն. Ղազբեգին, Ա. Վերուլեյշվիլին։ 1953-ից Սուխումում կազմակերպվում է Ա֊ի նկարիչների ամենամյա ցուցահանդես։
Երաժշտությունը։ Աբխազական երաժշտական ֆոլկլորին բնորոշ են հերոսական, ծիսական֊պաշտամունքային, որսորդական, աշխատանքային, կենցաղային, պատմա֊հեղափոխական երկձայն, երբեմն՝ եռաձայն երգերը։ Ազգային պարերից են զուգապարը և շուրջպարը։ Ժող. գործիքներից են աչարպանը (երկարուկ սրինգ՝ գլխավորապես հովվական մեղեդիների համար), ապխերցան (երկաղի, աղեղնավոր), այումաան (տավղի տիպի, 14 լար.), ախիմաան (գուսլիի տիպի, 28 լար.), տարածված է նաև վրաց. չոնգուրը (աչենգար), որ մեծ մասամբ նվագում են կանայք։ Երգիչ Դ. Լոլուայի աբխազա֊վրաց. երգչախումբը (1914, Սուխում) և մանկավարժ Պ. Շաքրիլի աբխազ․ երգչախումբն ու դրամատիկ խմբակը (1917, Օչամչիրա) ազգային պրոֆեսիոնալ երաժշտական առաջին կազմակերպություններն էին։ 1930-ին Սուխումում բացվեցին երաժշտական ուսումնարան և դպրոց, ավելի ուշ հիմնվեցին ֆիլհարմոնիա, ժող. ստեղծագործության տուն, կազմակերպվեց երգի և պարի պետական անսամբլ։ Գործում են կոլտնտեսային երաժշտական ինքնագործ խմբեր։
Հայերն Աբխազիայում։ Սև ծովի կովկասյան ափերին, մասնավորապես Ա֊ում հայերը հաստատվել են վաղ միջնադարից։ Հետագա դարերում էլ պատմական հանգամանքների բերումով հայերի հոսքը Ա. շարունակվել է։ Ա֊ի հայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք 1879-ից ընտանիքներով, հաճախ կահ֊կարասիով և նույնիսկ անասուններով գաղթել են Սև ծովի հարավ֊արևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից։ Հայերի գաղթը Արևմտյան Հայաստանից Ա. հատկապես ուժեղացավ 1895–1896-ին և 1915-ի հայկական կոտորածների ժամանակ։ Դեռևս XIX դ. վերջերին Ա֊ում հիմնադրվել են հայկական կենտրոններ և գյուղեր՝ Լաբրա, Արագիչ, Աթարա (հայկական), Դրանդի, Գուլրիպշ, Բոգապոստա, Մերխեուլի, Ծեբելդա, Գումիստա, Յաշարա, Պսիրցխա, Լեչկոպ, Անուխվա, Մծարա, Կոլդախվար, Ալախաձե, Պիլենկովո, Խաշուպսե ևն։ Հայեր են բնակվում նաև Աբժակվա, Ագուձերա, Ախալշենի և այլ գյուղերում։ Ա֊ում բնակվում է շուրջ 100 հզ. հայ (1969), որոնք ծովափնյա դաշտային մասերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում մերձարևադարձային պտուղներ և ծխախոտ, որ բերել և տարածել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հայերի մի մասն ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գազրայում, զբաղվում գլխավորապես արհեստներով։
Ա. գաղթած համշենցի հայերը կառուցեցին եկեղեցիներ, բացեցին դպրոցներ։ Դպրոցները պահվում էին հայ համայնքների ու գյուղերի նյութական միջոցներով։ Երբ XIX դ. վերջին Ա֊ում հայերը շատացան, Հայաստանից, ինչպես նաև հայաբնակ այլ վայրերից կամովին Ա. եկան հայ ուսուցիչներ (Աննա և Գրիգոր Հովսեփյաններ և ուրիշներ), որոնք մեծ գործ կատարեցին տեղի հայ դպրոցը բարելավելու համար։ Ուսուցիչ Մուրադ Մուրադյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց ուսումնասիրեց համշենցիների կյանքն ու կենցաղը և գրեց մի շարք հոդվածներ։ Ա֊ի հայ դպրոցական խորհուրդը (1911) ուսուցիչ Խաչատուր Ավդալբեգյանի ղեկավարությամբ կենտրոնացրեց և գլխավորեց դպրոցական գործը, Սուխումում բացեց գրախանութ, ստեղծեց հայկական տպարան, հրատարակեց հայերեն թերթեր։ 1912–13-ին հրատարակվում էր «Լույս» գրական շաբաթաթերթը։
Ա֊ում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարում աչքի են ընկել շատ հայեր (Գ. Աթարբեկյան, Ա. Շահգելդյան, Վ. Երեմյան, Տ. Զեյթունյան, Վ. Նիկողոսյան, Մ. Պետրոսյան և ուրիշներ)։ Կարմիր բանակի զորամասերին էական օգնություն ցույց տվեց Անուխվա, Ցեբելդա, Մցարա հայկական գյուղերի բնակչությունը։ Այդ տարիներին հրատարակվել են մենշևիկյան «Նոր կյանք» (1918), «Փարոս» (1919) թերթերը։ 1920-ին լույս է տեսել բոլշևիկյան «Կարմիր Աստղ» լրագիրը։
Ա֊ի հայերի վիճակն արմատապես փոխվեց սովետական կարգերի շնորհիվ։ Մեծացավ նրանց դերը Ա֊ի տնտեսության մեջ։ 1934-ին Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի ծխախոտագործ Գ. Հ. Բոստանջյանը մշակեց ծխախոտ հավաքելու նոր եղանակ, որի շնորհիվ 4–7 անգամ բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը։ Նոր եղանակը, որը ստացավ «Բոստանջյանի մեթոդ» անունը, արագորեն տարածվեց Սովետական Միության ծխախոտագործների շրջանում։ 1935-ի դեկտեմբերին Կրասնոդարում տեղի ունեցավ ստախանովական֊բոստանջյանականների համամիութենական առաջին հավաքը։ Սուխումում ստեղծվեց հայկական թատրոն (տես Սուխումի հայկական թատրոն), որը հետագայում դերասաններ Շահեն և Էլզա Շահինյանների ջանքերով վերածվեց հայկական պետական թատրոնի (1928–30)։ Սուխումի հայկական ծխական դպրոցը դարձավ յոթնամյա, ապա՝ միջնակարգ։ Սուխումում գործում էր հայկական մանկավարժական ուսումնարան։ 1969-ին Ա֊ում կար 105 հայկական դպրոց, որից 20-ը՝ միջնակարգ, 38-ը՝ ութամյա (13.500 աշակերտ)։ Ուսուցիչների մեծամասնությունը տեղացիներ են։ Ճնշող մասը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի բուհերում։ 1954-ին հիմնադրվեց Ա֊ի հայ գրողների միավորումը, ստեղծվեց հայկական տպարան, կազմակերպվեցին Ա֊ի հայկական ժողովրդական թատրոնը և հայկական երգի֊պարի անսամբլը։
1970-ին Ա֊ում աշխատում էին սոցիալիստական աշխատանքի 27 հայ հերոսներ։ Գագրայի շրջանի «Իլյիչ» կոլտնտեսության կոլտնտեսուհի 0. Ա. Հալաջյանը ՍՍՀՄ Գերագույն սովետի, Գուլրիպշի շրջանի «Ռուսթավելի» կոլտնտեսությունից Ա. Գ. Մարկոսյանը Վրացական ՍՍՀ Գերագույն սովետի, իսկ 6 հոգի Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատներ են։
Գրկ. Վրացական ՍՍՀ, Ե., 1961։ Абхазская АССР. Т6, 1961; Грузия М., 1967 (серия «Советский Союз»); Куфтырева Н. С., Лашхия Ш. В., Мгеладзе К. Г., Природа Абхазии, Сухуми, 1961; География хозяйств республик Закавказья, М., 1966; Очерки истории Абьазской АССР, ч. 1-2, Сухуми, 1968; Гогохия Ш. Д., Здравоохранение в Абхазии, Сухуми, 1960-64; Под знамением Октября, Сухуми, 1968; Гогохия Ш. Д., Здравохранение в Абхазии, Сухуми, 1966; Абхазская литература. Краткий очерк, Сухуми, 1968; Адзинба И. Е., Архитектурные памятники Абхазии, Сухуми, 1958; Кортуа И. Е., Абхазская народная песня, М., 1965; Дарсалиа В. В., Абхазская советская драматургия, Т6., 1968.
