ՀՍՀ/ԱԲՈՎՅԱՆ
ԱԲՈՎՅԱՆ, քաղաք Հայկական ՍՍՀ֊ում, Աբովյանի շրջանի կենտրոնը (մինչև 1961՝ գյուղ Էլար, 1961–63-ին՝ գյուղ Աբովյան, 1963-ից՝ քաղաք, 1970-ից՝ հանրապետական ենթակայության)։ Երևանից՝ 10 կմ հս֊արլ.։ Տրանսպորտային հանգույց՝ Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները, շրջանի գյուղերը տանող խճուղիների և Երևան–Սևան երկաթուղու հատման վայրում, Երևանի հյուսիսային դարպասը։ 28,5 հզ. բն. (1973), հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։ Ա. հանրապետության ամենաարագ աճող քաղաքն է (1963–73-ին բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդ. կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում է էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ են նաև երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում են միութենական նշանակության արդ. ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։ Ա. սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք֊արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հս֊արլ. մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա֊կաթնային և բանջարաբուծական սովետական տնտեսություն)։ Ունի մշակույթի տուն, կինոթատրոն, 6 հանրակրթական, 1 երաժշտական, 1 մարզական, 1 հեռակա և 1 երեկոյան հերթափոխային դպրոցներ, պիոներական տուն, պատանի տեխնիկի կայան, 10 մսուր֊մանկապարտեզ, քաղաքային գրադարան։ Գործում են էլեկտրոնային սարքաշինության տեխնիկումը, շինարարական և արհեստագործական ուսումնարաններ։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ² էր։
Քաղաքի հս֊արմ. հարթ մասում արդյունաբերական շրջանն է, որը խճուղով բաժանվում է դեպի արևելք ընկած կենտրոնից։ Հվ֊ում բնակելի շրջանը կազմված է երկու, արևելքում՝ երեք, հս֊ում՝ մեկ միկրոշրջանից։ Կառուցվում են 14–18 հարկանի շենքեր, որոնք հնարավորություն կտան կրճատել կառուցապատման մակերեսը՝ տրամադրելով այն կանաչապատմանը և ջրավազաններին։ Բնակելի գոտու շուրջն ստեղծվում են հանգստի, որոշ մասերում՝ անտառապատ գոտիներ։ Ա. կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ֊կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։ Քաղաքի գլխավոր հատակագծով (1963) նախատեսվում է բնակչության ավելացում մինչև 60 հզ. (1980)։ Ա֊ում հայտնաբերված են մ. թ. ա. III–II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ (տես Էլար)։
