ՀՍՀ/ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ
ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է Երևանում, 1832-ի հունվարի 14-ին, որպես գավառական դպրոց (3 դասարան), 1868-ին դարձել է պրոգիմնազիա (4 դասարան), 1881-ին՝ գիմնազիա (8 դասարան և 2 նախապատրաստական)։ 1843–48-ին դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը։ Նրա տեսչության երկրորդ տարում աշակերտների թիվը 90-ից հասնում է 190-ի։ Մեծամասնությունը հայեր էին, կային նաև ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ։
Դասավանդումը ռուսերեն էր։ Գլխավոր առարկաներն էին՝ թվաբանություն, ռուսաց լեզու, կրոն, հայերի համար՝ հայոց լեզու, ադրբեջանցիների համար՝ ադրբեջաներեն։ Պրոգիմնազիայում ավելանում են լատիներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, վայելչագրություն, գիմնազիայում՝ հունարեն, ֆիզիկա ևն։ Գիմնազիան (արական դասական գիմնազիա) լրիվ միջնակարգ հանրակրթական դպրոց էր։ Ուներ գիշերօթիկ, գրադարան, արհեստանոց։ 1920-ի դեկտեմբերին գիմնազիայի հիման վրա ստեղծվում է երկրորդ աստիճանի № 2 դպրոցը, որը 1925-ից կրում է Աբովյանի անունը։ 1973-ին Ա. ա. դ. ուներ 24 դասարան՝ 711 աշակերտով, 46 ուսուցիչ֊ուսուցչուհիներով։ Տարբեր ժամանակներում դպրոցում դասավանդել են Հ. Հովհաննիսյանը, Վրթ. Փափազյանը, Ա. Տերտերյանը, Գ. Ղափանցյանը, Կ. Մելիք֊Օհանջանյանը, Վ. Թոթովենցը, Ս. Հակոբյանը, Ա. Շավարշյանը, Ս. Մելիքյանը, Ս. Դեմուրյանը, Ս. Առաբելյանը և ուրիշներ։
