Jump to content

ՀՍՀ/ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Կապուտան գյուղի մոտ. հայտնի է նաև Կապուտանի երկաթի հանքավայր անունով։ Այդտեղ երկաթաքարի երևակման մասին հիշատակվում է Վ. Մելլերի ամփոփագրում (1917), ավելի ուշ Կ. Ն. Պաֆֆենհոլցը երկրաբանական հանույթի ժամանակ դելյուվիալ նստվածքներում հայտնաբերել է հանքանյութի բեկորներ։ 1947-ին Հ. Գ. Մաղաքյանը նկարագրել է ապատիտ֊մագնետիտային հանքանյութերի արմատական ելքերը, որից հետո սկսվել է հանքավայրի մանրամասն ուսումնասիրությունն ու հետախուզումը։ Հանքադաշտը կազմված է օլիգոցենի հրաբխածին շերտախմբից՝ հատված հվ֊արմ. ուղղության բեկվածքով, որին հարում է հանքայնացումը։ Մինչև մի քանի տասնյակ մետր հզորության երակաձև ու շերտաձև զանգվածները բաղկացած են հոծ (Fe մինչև 60–65%) և երակիկացանավոր (Fe 20–25%) հանքանյութերից։ Հանքանյութը կազմված է մագնետիտից և հազվագյուտ հողեր պարունակող քլոր֊ֆտոր֊ապատիտի խառնուրդից։ Ամբողջ հանքավայրի համար միջին պարունակությունն է՝ Fe – 32, P2O5–1,3, S–0,1–0,2%։ Ա. ե. հ. ծագումով պատկանում է բուն մագմատիկ տիպին (Շվեդիայի Կիրունա հանքավայրի նմանակը)՝ բարձր ջերմաստիճանային, պնևմատա֊հիդրոթերմալ պրոցեսների վերադրումով։ Հանքանյութի հետախուզված պաշարները մոտ 200 մլն. տ են։

Հ Մաղաքյան