ՀՍՀ/ԱԲՈՎՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԱԲՈՎՅԱՆ Գևորգ Կարապետի (1837–անհետացել է 1866), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։ Ծնվել է Լոռու Օձուն գյուղում (այժմ՝ Հայկ. ՍՍՀ Թումանյանի շրջան)։ Սկզբնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում։ Այնուհետև ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847)։ 1849-ին Ներսես Աշտարակեցու օժանդակությամբ ուղարկվել է Մոսկվա՝ Լազարյան ճեմարան, որն ավարտել է 1854-ին։ Մոսկվայում ուսանելու տարիներին մտերմացել է առաջավոր մտավորականների հետ, տարվել հեղափոխական գաղափարներով։ 1854–66-ին Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ։ Նրա «Համառոտություն հայոց ազգի պատմության» աշխարհաբար դասագիրքն ունեցել է չորս հրատարակություն (1869, 1877, 1884, 1893)։ Գ. Սունդուկյանի և Պ. Պռոշյանի հետ Ա. ակտիվորեն մասնակցել է հայ թատերական և երաժշտական կյանքին․ գրել է երգեր, «Շուշանիկ» պատմական ողբերգության (բեմադր. Թիֆլիսում, 1859) երաժշտությունը, ստեղծել և ղեկավարել է երգչախումբ։ Ա. 1866-ի նոյեմբ. 13-ին անհետացել է։ Ենթադրվում է, որ նարոդնիկների հետ ունեցած կապերի համար ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է։
Գրկ. Հայ մշակույթի օրրանը, Ե., 1971, էջ 62–65։
