ՀՍՀ/ԱԲՈՎՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
ԱԲՈՎՅԱՆ Խաչատուր Ավետիքի (1809–անհետացել է 1848), հայ գրող, մանկավարժ, լուսավորիչ֊դեմոկրատ, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր։ Ծնվել է հոկտ. 15-ին, Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծի մեջ)։ Ինը տարեկան հասակից ապրել և ուսանել է Էջմիածնում։ 1819–22-ին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը, 1824–26-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ուր ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Աշակերտել է Պ. Ղարադաղցուն, Հ. Ալամդարյանին։ 1826-ի հուլիսին բռնկված ռուս֊պարսկ. պատերազմը խանգարել է Ա֊ին իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Կես տարի (1827–28-ի միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։ Ողջունել է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (1828)։ 1829-ից Էջմիածնում կաթողիկոսի և սինոդի թարգմանիչն ու քարտուղարն էր։ Դորպատի համալսարանի պրոֆ. Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ 1829-ի սեպտ. 27(հոկտ. 9)֊ին բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից։ Պարրոտի աջակցությամբ Ա. 1830–35-ին պետ. թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։ 1836-ին վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությունն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված Ա֊ին։ Չհամակերպվելով ներազգային խնդիրներում Էջմիածնի դիրքորոշմանը՝ Ա. հրաժարվել է հոգևոր կոչումից։ 1837–43-ին Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ էր։ ժող. դպրոցների ուսուցիչներ և գաղափարակիցներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։ Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել Ա֊ի լուսավորական գործունեության ճանապարհին։ Այդ ծանր պայմաններում Ա. կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837–40, հրտ. 1862), «Պարապ վախտի խաղալիք» (1838–41, հրտ. 1864), «Հազարփեշեն» (1840), «Վերք Հայաստանի» (1841, հրտ. 1858) ևն։ 1843-ից փոխադրվել է Երևանի գավառական դպրոցը՝ իբրև տեսուչ։ Ապրել է հոգեկան ծանր ճգնաժամ՝ մենակ ու մեկուսացված։ 1848-ի ապրիլի 2(14)֊ի վաղ առավոտյան Ա. դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Նրա ողբերգական վախճանի հանգամանքները վերջնականապես չեն պարզված։ Ոմանք կարծում են, որ ինքնասպանություն է գործել, ոմանք էլ հավանական են համարում, որ ցարական իշխանությունները նրան գաղտնի աքսորել են Սիբիր, որտեղ և մահացել է։ Պնդողներ էլ կան, թե նրան սպանել են։ Ա. Բակունցը փորձել է ապացուցել, որ Ա. փախել է արտասահման՝ 1848-ի հեղափոխությանը մասնակցելու դիտավորությամբ։
Ա֊ի ապրած դարաշրջանը հատկանշվում է պարսկական և թուրքական բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանավորության տակ անցնելու հույսերի իրականացմամբ և լուսավորական շարժմամբ, որի նպատակն էր փրկել հայրենիքը հոգևոր ստրկությունից և մտավոր խավարից։ Ա. դարձել է այդ շարժման գաղափարական առաջնորդ։ Ա. հայ և ռուս ժողովուրդների եղբայրական բարեկամության, հայերի ռուսական կողմնորոշման ջատագովն էր։
Ա. թողել է գրական հարուստ ժառանգություն։ Առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են Ա֊ի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824 ևն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Ա. գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։ Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835),«Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Ա. հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական֊քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս…», «Զի՞նչ այս դառն հարուած…», «Երեկոյ», «Առ Էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831–35)։ Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են Ա֊ի լուսավորական նպատակներին։ Առակների միջոցով նա ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»)։ «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման։
Ա֊ի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով Ա. ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք…», մատնանշել նոր գրականության գլխ. թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Ա. առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Ա֊ի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանի հովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը XIX դ. հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։
Հետագա ստեղծագործություններում Ա. երազել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից, մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը («Թուրքի ախչիկը»)։
Գնահատելով ժող. բանահյուսության դերը գրականության զարգացման գործում՝ Ա. հավաքել ու մշակել է առակներ, առածներ, ավանդություններ, երգեր և սկզբնավորել հայ բանագիտությունը։ Ա. թարգմանել է Հոմերոսի, Վ. Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի որոշ գործեր։ Ա. ճիշտ է ըմբռնել լեզվի, որպես ազգապահպանման կարևոր գործոնի, հասարակական
կական դերն ու նշանակությունը։ Նա ծանոթ էր նույն շրջանում ձևավորվող պատմա֊համեմաաական լեզվաբանությանը, որի դիրքերից էլ քննել է լեզվի ծագման, զարգացման ու փոփոխության հարցերը, ծավալել աշխարհաբարը ժամանակի պահանջներին համապատասխան մշակելու մեծ աշխատանք։ Զբաղվել է նաև քերականության հարցերով. «Նախաշավիղ»֊ի երկրորդ մասում շարադրել է աշխարհաբարի քերականությունը, բաղդատել գրաբարի և աշխարհաբարի լեզվաքերականական իրողությունները, մատնանշել նրանց տարբերությունները։ Ա. Տապպեի Ռուս֊գերմանական քերականության օրինակով կազմել է «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838–39) ձեռնարկը։ Ստեղծել է ռուս֊հայերեն առաջին զուգադրական քերականությունը։
Ա֊ի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորիչների (Ռուսսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետևությամբ։ Ըստ Ա֊ի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։ Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Ա. սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտական միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ֊քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834-ին Ա. ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների զավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր՝ նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1836-ին Ա. առաջ է քաշել Հայաստանում մանկավարժ․ ինստիտուտ և ժող. դպրոցներ բացելու հարցը։ Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից։ Ա֊ի ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս։ Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկու լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով Ա. առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժող. դպրոցների միջոցով։

Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ։ Երեխաների գեղագիտ. դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց՝ պարտադիր բոլորի համար։ Ա֊ի մանկավարժ․ գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»-ն է՝ մեր իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, ուր մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժ․ հայացքներն ու սկզբունքները։

Ա֊ի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ դաստիարակելն էր։ Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»֊ը գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է։ Սակայն ցարական պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը։
Ա֊ի ստեղծագործությունն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք Էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»)։
Ա. քննադատել է ժամանակի եվրոպ. պատմագրությունը, այն որակել աշխարհակալ տերությունների պատմություն, որից վտարված են փոքր ժողովուրդներն ու աշխատավոր խավերը։ Նա գտնում էր, որ պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի, արդիական հարցեր լուծելու ազդակ։ Ա. ձաղկել է իր ժամանակի հոգևորականության ներկայացուցիչներին, թեև չի հանգել կրոնի և նրա սպասավորների ժխտման։ Նրա ըմբռնմամբ աշխարհն արարչագործության ծնունդ է, բնությունը՝ աստվածայինի դրսևորում, զարգացումն ու փոփոխությունները՝ ամենատեսի կամքի արտահայտությունը։
Ա. ուսումնասիրել է հայերի ընտանեկան սովորույթներն ու կենցաղը («Գյուղական տների կառուցվածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի ու հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին», 1840) և սկզբնավորել հայ ազգագրությունը։ «Քրդեր» և «Եզդիներ» (1846) ակնարկներով հիմք է դրել քրդագիտությանը Հայաստանում։
Ա. կազմել է Հայաստանի տնտեսական կյանքի վերակառուցման նախագծեր։ Ժողովրդի բարեկեցությունը կապել է քաղաքական բարենպաստ պայմանների և լուսավորված գյուղացիական համայնքի հետ, անհրաժեշտ համարել գյուղատնտեսական մեքենաների օգտագործումը և արդյունագործության զարգացումը։ Հայաստանի տնտեսական ու հոգևոր բարգավաճման երաշխիքը Ա. համարել է Ռուսաստանի հետ բարեկամությունը։
Հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Ա֊ի ստեղծագործությունը խոր հետք է թողել։ Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը՝ զարգացնելով նրա գրակ. ավանդները և նոր գրակ. լեզուն։
Ա-ի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Մ. Նալբանդյանը, Հ. Թումանյանը, Ե. Շահազիզը, Ա. Տերտերյանը և ուրիշներ։ Մեր օրերում աոանձին ուսումնասիրությունները վերաճել են հայ գրականագիտության ինքնուրույն ճյուղի՝ աբովյանագիտության։ Ա֊ի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն։ Նրա անվամբ են կոչվում շրջան, քաղաք, երկաթուղային կայարան ՀՍՍՀ֊ում, Երևանի հայկ. մանկավարժ․ ինստիտուտը և այլ հաստատություններ, պուրակներ, փողոցներ ևն։ Ա֊ի հուշարձանները կանգնեցված են Երևանում, Քանաքեռում, որտեղ և գտնվում է Աբովյանի տուն֊թանգարանը։
Երկ. Երկ. լիակտ. ժող., հ. 1 – 10, Ե., 1947–1961։ Երկ., Մ., 1897։ Դիվան Խաչատուր Աբովյանի, հ. 1 – 2, Ե., 1940–48։ Նախաշավիղ, Ե., 1940։ Վերք Հայաստանի, Ե., 1959։
Գրկ. Տեր֊Կարապետյան Ն., Խաչատուր Աբովյան, Թ., 1897։ Ավդալբեգյան Թ., Խաչատուր Աբովյան, Վաղ֊պատ, 1910։ Բակունց Ա., Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Ե., 1932։ Հովհաննիսյան Ա., Աբովյան, Ե., 1933։ Մուրադյան Հ., Խաչատուր Աբովյան, Ե., 1939։ Զարյան Ռ., Աբովյանի կյանքը, Ե., 1939։ Տերտերյան Ա., Աբովյանի ստեղծագործությունը, Ե., 1941։ Ղանալանյան Ա., Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Ե., 1941։ Շահազիզ Ե., Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Ե., 1945։ Ղանալանյան Հ., Խաչատուր Աբովյան, Ե., 1948։ Պարտիզունի Վ., Խաչատուր Աբովյան, Ե., 1952։ Սանթրոսյան Մ., Հայ մեծ լուսավորիչ֊մանկավարժ Խաչատուր Աբովյան, Ե., 1953։ Մարգարյան Ա., Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Ե., 1958։ Սարինյան Ա., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966։ Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809—1836), Ե., 1967։ Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Ե., 1955։ «ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», Ե., 1941։ Абов Г., Хачатур Абовян, 1948; Parrot F., Reise zum Ararat, B., 1834; Wagner M., Reise nach dem Ararat und dem Hochland Armenien, Stuttgart und Tubingem, 1848; Bodenstedt F., Tausend und ein Tag im Orient, B. 1 — 2 , B., 1850; Haxthaushen A., Transkaukasia, B. 1, Lpz., 1856; Abich H., Aus kaukasisichen landern, B. 1–2, Wien, 1896.
