ՀՍՀ/ԱԲՍՏՐԱԿՏ ԱՐՎԵՍՏ
ԱԲՍՏՐԱԿՏ ԱՐՎԵՍՏ, աբստրակցիոնիզմ (լատ. <abstractus – աբստրակտ, վերացական), անառարկայական, ոչ ֆիգուրատիվ արվեստ, արդի ֆորմալիստական արվեստի ուղղություն կապիտալիստական աշխարհում։ Ծագել է XX դ. սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմալիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։ Առաջին աբստրակցիոնիստներից են՝ Վ. Կանդինսկին, Կ. Մալևիչը, Պ. Մոնդրիանը, Ռ. Դելոնեն և ուրիշներ։
Ա. ա., իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում է առարկայական աշխարհի պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժշտության մեջ ևն)։ Աբստրակցիոնիզմը դրսևորվել է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա էվոլյուցիայի ընթացքում կապված էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, տաշիզմը, սուպրեմատիզմը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։
Ա. ա֊ի փիլիսոփայական ակունքներն են սուբյեկտիվ իդեալիզմը և ագնոստիցիզմը։ Գեղարվեստական կերպարի ավերումը, որն ընդհանրապես խիստ բնորոշ է ֆորմալիզմին, Ա. ա֊ում հասնում է իր ավարտին։ Նրա ծայրահեղ ձևերում արտացոլման առարկան անհետանում է՝ տեղը զիջելով խորությունից զուրկ, անկենդան և անթափանց մակերեսին։ Դրան է հանգեցնում արվեստի անջատումը իրականությունից և գեղարվեստական ձևի միակողմանի գերաճումը։ Ա. ա. հրաժարվում է ազգային ձևից և ավանդույթից, գեղարվեստական արժեքավորման որևէ չափանիշից։ Ա. ա֊ի ջատագովները նրան վերագրում են «գիտական խորությամբ» ընդհանրացումների կարողություն։ Իրականում, չնայած առանձին դեպքերում արտաքին դեկորատիվ որոշ էֆեկտների հասնելու իր ունակությանը, այն ծայրահեղ մակերեսային է և ընդհանուր առմամբ աղքատացնում է մարդկության հոգևոր մշակույթը։ Բուրժուական գեղագիտությունը Ա. ա. ներկայացնում է որպես «ստեղծագործական ազատության» արտահայտություն։ Մինչդեռ շատ արվեստագետների մոտ հետևանք է կապիտալիստական հարաբերությունների և բարոյականության հանդեպ ապրած խոր հուսախաբության, յուրօրինակ արտահայտությունն է այն փակուղու, որի մեջ գտնվում է բուրժուական արվեստը։ Կապիտալիստական հասարակության պայմաններում Ա. ա. օգտագործվում է որպես ժողովրդական զանգվածներին սոցիալական խնդիրներից հեռու պահելու միջոց և խրախուսվում ուղղակի ու անուղղակի ձևով։
Գրկ. Լեբեդև Ա. Կ., Ընդդեմ աբստրակցիոնիզմի արվեստում, Ե., 1962։ Խաչիկյան Յա. Ի., Ի՞նչ է աբստրակցիոնիզմը, Ե., 1962։ Стойков А., Критика абстрактного искусства и его теорий, М., 1964; Хачикян Я. И., Абстракционизм и художественное познание, Е., 1968.
