ՀՍՀ/ԱԲՍՏՐԱԿՑԻԱ
ԱԲՍՏՐԱԿՑԻԱ (<լատ. abstractio — վերացարկում), առարկաների և երևույթների ոչ էական հատկություններից մտովի վերանալը, նրանց հիմնական կողմերի և հատկանիշների ընդհանրացումը։ Ա֊ով կատարված ընդհանրացումներն արտահայտվում են հասկացությունների, կատեգորիաների, օրենքների, գիտական համակարգերի և իմացության այլ ձևերով։ Գիտական Ա. բնության և հասարակության էական հատկանիշները մարդկային մտածողության մեջ արտացոլող իմացության պրոցեսի կարևոր տարրն է։ «Մտածողությունը, վերընթանալով կոնկրետից աբստրակտը, չի հեռանում – եթե այն ճիշտ է… ճշմարտությունից, այլ մոտենում է դրան։ … Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացման, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 204—205)։
Վերացարկումը հնարավորություն է ընձեռում առանձնացնելու մտքի առարկան և այն քննելու տվյալ առումով կողմնակի, խաթարիչ գործոններից զերծ՝ մաքուր տեսքով, ապահովելով մտքի ազատ ստեղծագործությունը՝ տեսական մտածողության հարաբերական ինքնուրույնությունը։ Ձևական տրամաբանության մեջ որպես Ա-ի տեսակներ առանձնացվում են՝ «մեկուսացնող Ա.», որի դեպքում վերացարկվում և որպես ինքնություն դիտվում է որևէ առանձին հատկանիշ, այդպես գոյանում են «վերացական հասկացությունները» (երկարություն, արդարություն ևն). «ընդհանրացնող Ա.», որի շնորհիվ գոյանում են հասկացությունները առարկաների դասի (եռանկյունի, բույս ևն) կամ համախմբության (մարդկություն ևն) մասին։ Մաթեմատիկայի հիմունքներում կարևոր նշանակություն ունեն մաթեմատիկայի և տրամաբանության այնպիսի հիմնական Ա-ներ, ինչպիսիք են՝ նույնացման վերացարկումը, որը հնարավորություն է ընձեռում հավասարության տիպի հարաբերությամբ կապված օբյեկտների մասին խոսել որպես միատեսակ օբյեկտների. ակտուալ անվերջության վերացարկումը, որի դեպքում վերացարկում են անվերջ բազմությունը վերջավոր եղանակով ներկայացնելու գործնական անհնարինությունից և այն դիտարկում որպես առկա, տրված. պոտենցիալ իրականացման վերացարկումը, որի դեպքում վերացարկում են մեր կոնստրուկտիվ ռեալ հնարավորությունների սահմանափակություններից։ Պատմական զարգացում ապրող ամբողջությունների (հասարակություն, օրգանական աշխարհ, գիտելիք ևն) ուսումնասիրության դեպքում բեղմնավոր է Ա֊ից կոնկրետին անցնելու մեթոդը, պատմական պրոցեսի տրամաբանական ներկայացման եղանակը, որը կիրառել է Մարքսը «Կապիտալ»-ում, յուրացնելով ու զարգացնելով Հեգելի «Տրամաբանության գիտության» գաղափարները։
Գրկ. Մարքս Կ., Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե., 1948։ Նույնի, Կապիտալ, հ. 1, Ե., 1954։ Լենին Վ. Ի., Փիլիսոփայական տետրեր, Երկ., հ. 38։ Георкян Г. А., О роли абстракции в познании, Е., 1957; Горский Д. И., Вопросы абстракции и образование понятий, М., 1961; Яновская С. А., Методологические проблемы науки, М., 1972.
