ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՈՍԻ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ռուբեն Թադեոսի (1881–1951), հայ իրանագետ֊լեզվաբան։ Բանասիրական գիտ. դ֊ր, պրոֆեսոր (1935)։ Ծնվել է փետրվարի 3-ին, Վայոց ձորի (այժմ՝ Եղեգնաձորի շրջան) Գնիշիկ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում (1909), Պետերբուրգի համալսարանում (1911)։ Զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում (1912–20), Իրանում (1921–46)։ 1935-ին Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946-ին վերադարձել է Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911-ից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն֊պարսկերեն֊հայերեն֊ռուսերեն֊անգլերեն բառարան»֊ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտ. 26-ին, Երևանում։
Երկ. Ֆերղովսին և իր Շահնամեն, հ. 1, Թեհրան, 1934։ Սայաթ֊Նովայի տաղերը․ ներածական հոդվածով, լեզվի ուսումնասիրությամբ, բառարանով և այլ հոդվածներով ու դիտողություններով, Թեհրան, 1943։ Dialectes des Israélites de Hamadan et d'Ispahan et dialecte de Baba Tahir, Tehran, 1936.
