ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ ԱԴՈԼՖ
ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ Ադոլֆ (1849-1899), լեհ դրամատուրգ։ Ծնվել է Լվովում, լեհ հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Մայրը հայուհի էր՝ Լվովի Անտոնևիչների հայտնի ընտանիքից։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գրական գործունեությունը սկսել է 1880-ին, «Երկու զոքանչ» պիեսով։ Այնուհետև գրել է «Լրագրային հայտարարություն», «Օգնություն, նա գժվել է» (բեմ. 1881) գործերը, որոնք տպագրվել են նույն թվականին՝ «Դրամատիկական երկեր» խորագրով։ 1882-ին լույս է տեսել ևս երեք պիես՝ «Vis á vis» («Դեմ հանդիման»), «Նրա սկզբունքները», «Փոթորկից հետո»։ Ուշ շրջանի գործերից են «Նախընտրական հասարակություն», «Բաշիբոզուկ», «Բանկը սնանկացավ», «Հին նորաձևամոլները», «Չուրկևիչ կամ Ջուրկևիչ» պիեսները։ Ա֊ի երկերն աչքի են ընկնում նուրբ հումորով և սուր իրավիճակներով։ Մահացել է Ստանիսլավյան վոյեվոդության Տարգովիցե Պոլնեյ կալվածքում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ Իվանո֊Ֆրանկովսկի մարզ)։
Գրկ. Пепловский Ст., Польский театр во Львове, Львов, 1891, с. 61, 110, 145.
