ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄՈՎ ԱՅՎԱԶ
ԱԲՐԱՀԱՄՈՎ Այվազ (ռուս․ աղբյուրներում՝ Ավրամով Էյվաս կամ Իվազ) (ծն. թ. անհտ.– 1725), XVIII դարի առաջին քառորդի հայ ազատագրական շարժումների գործիչ։ Եղել է Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի հանձնակատար֊սուրհանդակների թվում, որոնք մեծ դժվարությամբ թափանցում էին Երևանի խանությունը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի հայաբնակ վայրերը և հայերին հուսադրում Ռուսաստանից ակնկալվող օգնությամբ, նախապատրաստում զինված ելույթի։ 1707-ին Ա. ցարական արքունիքի հատուկ հանձնարարությամբ ուղարկվել է Կովկաս, Իսրայել Օրու դեսպանության՝ Պարսկաստան կատարելիք ուղևորությունը կազմակերպելու և նրա կարիքները տեղում հոգալու համար։ 1718-ին Ռուսաստան է տարել Եսայի Հասան֊Ջալալյանի երկու նամակները հասցեագրված Մինաս Վարդապետին և Պետրոս I, որտեղ խնդրվում էր արագացնել ռազմական օգնությունը հայերին։ Պետրոս I պարսկական արշավանքի ժամանակ (1722–25) Ա. շամախեցի հայերից կազմած իր ջոկատով միացել է գնդապետ Ն. Մ. Շիպովի զորքերին, նրանց հետ մասնակցել Ռեշտի գրավմանը։ Այստեղ նրա ջոկատը միավորվել է Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Ադազար դի Խաչիկ Ախիջանենցի ջոկատների հետ (տես Հայկական էսկադրոն)։ Զոհվել է 1725-ի վերջերին, Գիլանում։
Գրկ. «Ժամանակագրութիւն Պետրոս դի Սարգիս Գիլանէնցի», «Կռունկ Հայոց աշխարհին», Թիֆլիս, 1863, №2—3։ Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898: Хачатрян А. Н, Армянские войско в XVIII в. Из истории армяно-русского военного содружество. Е., 1968.
