Jump to content

ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ (ծն. թ. անհտ. — մոտ 615), Հայոց կաթողիկոս 607-ից։ Ծնվել է VI դ. կեսերին, Ռշտունիք գավառի Աղբաթանք գյուղում։ Եղել է նույն գավառի եպիսկոպոսը և Դվինի ժողովում ընտրվել կաթողիկոս՝ հաջորդելով Մովսես Բ Եղվարդեցուն։ Ա-ի օրոք հայ և հույն եկեղեցիների պայքարը սուր բնույթ էր ստացել։ Միաժամանակ Բյուզանդիան և Պարսկաստանը պատերազմում էին իրար դեմ՝ առիթ ծառայեցնելով քրիստոնյա ժողովուրդների կրոնական դավանանքի հարցը։ Պարսից Խոսրով թագավորը պաշտպանում էր հայ եկեղեցու հակաքաղկեդոնական (հակահունադավան) դիրքը. Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի Ա-ի հակաթոռ (նստում էր Ավան գյուղում) Հովհաննես կաթողիկոսին՝ նա թույլատրել է Դվինում կառուցել նոր եկեղեցի։ Պայքարը բյուզանդ. և պարսկ. կողմնորոշում ունեցող քրիստոնյաների միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Վրաստանում հաղթանակել է քաղկեդոնական հոսանքը։ Պարսկ. կողմնորոշման ջերմ պաշտպան Ա. ջանացել է համոզել վրաց. կաթողիկոս Կյուրոնին՝ հույների հետ դավանաբանական միություն չհաստատել։ Կյուրոնը չի համաձայնվել, և 608-ին վրաց. եկեղեցին վերջնականապես ընդունել է քաղկեդոնականությունը։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, մաս 2, 2 հրտ., Պեյրութ, 1959։