ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ
ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ (ծն. թ. անհտ.– 18. 4. 1737), Հայոց կաթողիկոս 1734-ից։ Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Մոտ 25 տարի եղել է Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։ Ա. Կ֊ու օրոք Անդրկովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը, (ապագա Նադիր Շահը) պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճեց Իրանի կորցրած հողերը։ Ա. Կ., շահելով նրա վստահությունը, Էջմիածինը փրկեց կողոպուտից՝ ճանաչել տալով Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Ա. Կ֊ու միջնորդությամբ խանը թույլատրեց Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։ Ա. Կ֊ու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր֊Շահին պարսից» աշխատությունն ընդգրկում է մոտ երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–36)։ Ա. Կ. նկարագրում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում 1736-ի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։
Ա. Կ֊ու «Պատմագրությունը» տպագրվել է 1796-ին, Կալկաթայում և 1870-ին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն և հրատարակել «Collection d՛historiens arméniens» ժողովածուում (հ. 2, 1876)։ ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ձեռագրերի ինստ֊ը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանը, 1973-ին հրատարակում է Ա. Կ֊ու «Պատմագրության» տեքստը ռուսերեն թարգմանությամբ հանդերձ։
