Jump to content

ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄ ՍԵՎԱՆԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲՐԱՀԱՄ (Աբրահամ Սեվանեցի), XV դարի հայ փորագրիչ և քանդակագործ։ 1486-ին ծաղկենկար քանդակազարդել է Սևանի Առաքելոց եկեղեցու հարավային դուռը (ընկուզենու փայտից) շրջանակով։ Դռան ճակատին պատկերված է ծալապատիկ նստած աստվածը, որ հիշեցնում է Բուդդայի արձանները, նրանից ներքև Բարեխոսի, ապա Հոգեգալուստի տեսարաններն են. վերնատան տակ, մեջտեղի կամարում տեղավորված երեք ֆիգուրներով խմբաքանդակը խորհրդանշում է ազգերի խմբակցությունը։ Աշխատանքը կատարված է պատկերագրության և զարդարանքի գեղարվեստական նուրբ զուգորդմամբ, քանդակման բարձր տեխնիկայով և մեզ հասած այդօրինակ լավագույն նմուշներից է։ Դուռն այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում (Երևան)։