ՀՍՀ/ԱԳԱԹՈՆ
ԱԳԱԹՈՆ (այլ անուններով՝ Ագադրոն անհաղթ փիլիսոփա, Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադորոն) (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ կեղծանուն հեղինակ։ Մեզ է հասել Ա-ի «Վասն ժամանակին, որ հայտնելոց է…» երկը («Բազմավեպ», 1913, № 9–10)՝ գրված հավանաբար XIII դ. սկզբին։ Այնտեղ պատմվում է հայ Արշակունիների թագավորությունը վերականգնելու մասին միջնադարյան Հայաստանում տարածված զրույցը, ըստ որի, մի օր պիտի գա ոմն Վաղարշակ արքա՝ հռոմեացիների օգնությամբ երկրից վռնդի «իսմայելացիներին» (թուրքերին) և վերականգնի հայոց թագավորությունը։ Ֆլանդրիացի ճանապարհորդ Ռուբրուքը 1255-ին լինելով Հայաստանում վկայում է, որ «ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը»։
Գրկ. Սարգիսյան Բ., Ուսումնասիրությունք Հին կտակարանի անվավեր գրոց վերա, Վնտ., 1898, էջ 156–217։ Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957։
