ՀՍՀ/ԱԳԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍԻ
ԱԳԱՊՅԱՆ Արշակ Սարգսի (1860—1905), հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս։ Ծնվել է մայիսի 8(20)֊ին, Ղազախի գավառի Լալի (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանի Նոր Լալա) գյուղում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (1870–75), ավարտել Թիֆլիսի Ալեքսանդրյան ռուսական ուսուցչական ինստ֊ը (1886)։ Դասավանդել է Գետաշենում, Զաքաթալայում, Մոզդոկում, Թիֆլիսում, Երևանում։ Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1881-ի մայիսի 30-ին, «Մեղու Հայաստանի»֊ում, իսկ 1888-ից տպագրվել է «Նոր֊դար»֊ում։ Ա֊ի նախասիրած ժանրն ակնարկատիպ պատմվածքն է։ Նա ստեղծել է հայ գյուղացիության սոցիալական կյանքն ու պայքարը վերարտադրող ճշմարիտ պատկերներ («Մուսինի գանգատը», 1888, «Անարդար պահանջ», 1889, «Գյուղի ճամփեն», 1896)։ Ամենածավալուն գործը «Մարդասպանը» վիպակն է (1896)։ Գ. Ի. Ուսպենսկու նման Ա. մերժել է բուրժուական քաղաքը, նշել հողից կտրված գյուղացու կործանման անխուսափելիությունը («Դավթարից ջնջվածը», 1894)։ Նրա հասարակական իդեալը շահագործումից ազատ, լուսավորված գյուղն է։ Իր հոդվածներում Ա. համակրանք է արտահայտել ռուս վաթսունականների նկատմամբ, արձագանքել մայրենի լեզվի ու գրականության հուզող հարցերին, պայքարել հանուն մանկավարժական առաջավոր սկզբունքների արմատավորման և մատաղ սերնդի ազգային դաստիարակության։ Մահացել է հոկտ. 10-ին, ծննդավայրում։
Երկ. Երկեր, Ե., 1966։
Գրկ. Դանիելյան Ս., Արշակ Ագապյան, Ե., 1968։
