Jump to content

ՀՍՀ/ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում։ Հանրապետության խոշոր հանքավայրերից է։ Առաջին անգամ նկարագրել է Հ. Աբիխը (1853)։ Մշակվել է 1857–58, 1863–69, 1905–13-ին։ Արդյունահանվել է միայն փոքր քանակությամբ պղինձ։ Երկրաբանական մանրազնին ուսումնասիրությունն սկսվել է 1930-ից։ Հանքայնացումը կապված է Մեղրու պլուտոնի հիդրոթերմալ փոփոխված սիենիտագրանիտների հետ և տեղադրված է մերձմիջօրեական ուղղության երկու բեկվածքների միջև։ Հանքային միներալները՝ խալկոպիրիտը, մոլիբդենիտը և պիրիտը ապարներում արտահայտված են մանր ցանի, իսկ քվարցի երակիկներում՝ ներփակումների ձևով։ Երբեմն հանդիպում են սֆալերիտ, գալենիտ, մագնետիտ, խունացած հանքանյութ, արսենոպիրիտ, ինչպես նաև խալկոզին, բոռնիտ, ազուրիտ, հազվադեպ՝ կուպրիտ, խրիզոկոլա և բնածին պղինձ։ Ա. պ. հ֊ի հումքով է աշխատում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ս. Մկրտչյան