ՀՍՀ/ԱԳԱՐԱԿ (ԳՅՈՒՂ, ԿԱՐՍ)
ԱԳԱՐԱԿ, Ագրակ, գյուղ Կարսի մարզում, Տեկոր գետի ափին։ XIX դ. վերջերին ուներ 34 տուն՝ 260 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայտնի է V և VII դդ. երկու եկեղեցիներով։ Հյուսիսային եկեղեցին (V դ.) թաղածածկ դահլիճ է արևելքից արևմուտք ձգված համաչափություններով։ Երկայնական պատերին հպված կամարներին հենվել է կիսաշրջանաձև թաղը։ Պահպանվել են հյուսիսային և հարավային պատերը, արևելյան կողմում՝ եռաստիճան որմնախարիսխը և պայտաձև աբսիդը։ Բազիլիկի շուրջը ցրված բեկորների մեջ կան IV–V դդ. քառակող կոթողներ։ Նրա մոտ է Ա֊ի մյուս եկեղեցին (VII դ.), որը քառաբսիդ, գմբեթավոր կառուցվածք է՝ արևելյան կողմում զույգ, շեղադիր ավանդատներով։ Միմյանց անմիջականորեն հպված աբսիդների հատման կետերում տեղավորված ութանիստ ուժեղ որմնասյուների վրա բարձրանում են գմբեթակիր կամարները, որոնցով կազմված գմբեթատակ քառակուսին արտաքուստ ութանիստ թմբուկի ներքին շրջագծային հիմքին է փոխանցվում չորս մեծ և ութ փոքր տրոմպների միջոցով։ Գմբեթի կիսագունդը ներքուստ մշակված է ութ դեկորատիվ ճառագայթներով։ Աբսիդներին համապատասխանող արտաքին հնգանիստ ծավալները անմիջականորեն հպված են միմյանց։ Հուշարձանն ունի բազմաթիվ բարձրաքանդակներ (խաղողի որթագալար, վիշապի գլուխ ևն) և X–XI դդ. արձանագրություններ։ Ա֊ում պահպանվել են XV–XVII դդ. ձիարձաններ և կենցաղային մոտիվներով քանդակազարդ գերեզմանաքարեր։
